«Մեզ համար կարևոր է, որ երկաթուղին կառուցվի և լինեն միջազգային անվտանգության երաշխիքներ։ Դեպի Նախիջևան հակառակ ուղղությամբ ճանապարհորդող ադրբեջանցիները չպետք է անհարմարություն զգան»․Ալիև

Եթե լինի ուժեղ արտաքին միջամտություն, ապա այո, կարող ենք մտածել, որ սա կարող է խաթարել նախկինում Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնեցված հարցերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Սակայն դա շատ կվնասի հենց Հայաստանին, որովհետև, անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի ղեկավարի կողմից», – ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ «եթե այնտեղ ինչ-որ բան տեղի ունենա, ինչ-որ բան փոխվի, և նրանք նահանջեն ստորագրվածից, դա լրջորեն կվատթարացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները»։
Ալիևը նշել է, որ խաղաղ գործընթացին աջակցել է ոչ միայն ԱՄՆ-ը, այլև ողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ Եվրոպական միությունը, Թուրքիան և արաբական երկրները։
«Այդ համաձայնագրի խախտումը կնշանակի գնալ ընդդեմ ամբողջ աշխարհի։ Իսկ ի՞նչ կշահեն նրանք դրանից», – ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա հայտնել է, որ Ադրբեջանը դրական է տրամադրված գործընթացի շարունակության հարցում։
Ալիևն ասել է, որ այսօր Նախիջևան հասնելու համար իրենք պետք է կամ ինքնաթիռով թռչեն այնտեղ, կամ ավտոբուսով կամ մեքենայով գնան Իրանի տարածքով, կամ նույնիսկ ավելի երկար ճանապարհով՝ Վրաստանով և Թուրքիայով։
«Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո, որն ավարտվեց մեր հաղթանակով, մենք կարող էինք ուժով վերցնել այս հատվածը։ Այդ ժամանակ հայկական բանակը լիովին հուսահատված էր։ Հայկական բանակում կար 12 հազար դասալիք, որոնք փախել էին պատերազմից, մինչդեռ ադրբեջանական բանակում ոչ մի դասալիք չկար։ Ադրբեջանական բանակը մոտիվացված էր, ինչպես ամբողջ բնակչությունը, և մեր առջև ոչ ոք չկար։ Մենք պարզապես կանգ առանք 2020 թվականի նոյեմբերի 10-ին մեր սահմանի մոտ։ Մենք ուժով չենք գրավել տարածքի այս հատվածը, բայց մենք Հայաստանին ասել ենք, որ այն չի կարող խոչընդոտել մեր կապը Նախիջևանի հետ»,-ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Բաքուն գրեթե հինգ տարի է՝ բանակցություններ է վարում Երևանի հետ այս հաղորդակցության ուղիների վերաբերյալ․«Մինչդեռ Ադրբեջանը սկսել է երկաթուղի կառուցել դեպի հայկական սահման՝ այս ճանապարհը Նախիջևանի հետ կապելու համար։ Սկսվել է նաև մայրուղիների շինարարությունը։ Մայրուղիների նախագծերը, հավանաբար, պատրաստ կլինեն հաջորդ տարի, ինչպես նաև երկաթուղին»։
Երկաթուղու կառուցումն, ըստ Ալիևի, երկար ժամանակ չի պահանջի։
«Եթե խոսքը վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքի կառուցմանը, նկատի ունեմ երկաթուղուն, ապա դա չպետք է շատ ժամանակ խլի, որովհետև երթուղու երկարությունն ընդամենը 42 կիլոմետր է։ Եթե մենք այն կառուցեինք, ապա դա կավարտեինք մեկ տարում, քանի որ ավելի մեծ փորձ ունենք երկաթուղիների կառուցման գործում։ Իսկ Հայաստանին, հնարավոր է, անհրաժեշտ լինի ևս մի քանի տարի»,- ասել է Ալիևը։
«Մեզ համար կարևոր է, որ երկաթուղին կառուցվի և լինեն միջազգային անվտանգության երաշխիքներ»,-ասել է Ադրբեջանի նախագահը, հավելելով, որ «Նախիջևանից մայրցամաք կամ հակառակը ճանապարհորդող ադրբեջանցիները չպետք է անհարմարություն զգան։ Նրանք չպետք է անհանգստանան իրենց անվտանգության համար՝ հաշվի առնելով երկարատև դիմակայությունն ու թշնամանքը։ Կարծում եմ, որ այս նախագիծն այժմ շատ մոտ է իրականացմանը, և հիմա Հայաստանը պետք է իր ներդրումն ունենա։ Ինչ վերաբերում է մեզ, կրկնում եմ, մեր տարածքում Ադրբեջանի երկու մասերը կապող ողջ ենթակառուցվածքը ներկայումս ստեղծվում է։ Բայց խոսքը միայն Ադրբեջանի մասերը կապելու մասին չէ։ Խոսքը նոր տրանսպորտային երթուղու կառուցման մասին է»։
Նա նշել է, որ Հայաստանն իր տարածքով անցնող ճանապարհի համար կստանա տարանցիկ վճարներ․«Հաշվի առնելով, որ տարեցտարի Ասիայից Եվրոպա փոխադրումների ծավալն աճում է Ադրբեջանի տարածքով, ես վստահ եմ, որ Զանգեզուրի միջանցքը կդառնա կարևոր տրանսպորտային օղակ, որը կապում է մայրցամաքները»։
Նա ասել է, որ բացի Ռուսաստանից Իրանի հետ կապող Հյուսիս-Հարավ միակ երթուղուց, որը անցնում է Ադրբեջանի տարածքով, «մենք կունենանք ևս մեկը՝ Ռուսաստանից դեպի Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան և այնուհետև՝ Իրան։ Կարծում եմ, սա շահեկան կլինի ողջ տարածաշրջանի համար, և այստեղ պարտվողներ չեն լինի»։
Ալիևը հայտնել է, որ «Զանգեզուրի միջանցքն» Իրանի համար որևէ սպառնալիք չի ներկայացնում»։