2025-26 ուստարվա ընդունելության արդյունքներով բուհերում թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից․ԿԳՄՍ նախարար

2025-26 ուսումնական տարվա բուհական ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ այդմ, ինչպես ասաց նախարարը, 2024 թվականին թափուր էր մնացել 6174 տեղ, այս տարի՝ 1174, իսկ անվճար թափուր տեղերի թիվը ընդամենը 219 է։
«Այս ցուցանիշները նշանակում են նաև, որ պլանավորման գործընթացը էապես բարելավվել է, այսինքն, ընդունելության տեղերի պլանավորումը իրականացվում է շատ ավելի իրատեսորեն, քան դա արվում էր նախորդող տարիներին»,-ասաց Անդրեասյանը։
Նա վստահեցրեց, որ նախարարությունը շարունակում է մեծ ուշադրություն դարձնել բնագիտամաթեմատիկական ոլորտի զարգացմանը, ասաց, որ պետական ֆինանսավորման կեսից ավելին, ընդհանուր առմամբ, հատկացվում է հենց այս ոլորտին․« Այս տարի էլ այս ուղղություններով ընդունված ուսանողների թիվն աճել է 5%-ով, նրանք արդեն իսկ կազմում են ընդունվողների ավելի քան 60%–ը»։
Նախարարն ասաց, որ քոլեջներում ընդունելության գործընթացը դեռևս վերջնական չեն ամփոփվել, քանի որ քոլեջներում ընդունելության գործընթացը համեմատաբար ավելի ուշ է իրականացվում․«Բայց արդեն կարող ենք ասել, որ մասնավորապես կառավարության քաղաքականությունը, որը ուղղված էր գերակա որոշ ուղղություններով ավելի բարձր չափի կրթաթոշակի տրամադրմանը և դրանով իսկ դիմելիության խրախուսմանը, արդեն իսկ միայն առաջին փուլի արդյունքներով ավելի լավ ցուցանիշներ է գրանցել, քան նախորդ տարի»։
Նրա խոսքով՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերով գերակա համարվող 15 մասնագիտություններով միայն առաջին փուլում ընդունվել է 825 դիմորդ, անցյալ տարի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում՝ 717 դիմորդ։
«Առաջին տարում, երբ որ այս մոտեցումը ներդրվեց, 445 դիմորդ ենք ունեցել։ Այսինքն կարող ենք ասել, որ կրկնապատկվում է դիմորդների թիվը։ Մենք նաև հետևում ենք առաջադիմությանը և այնպես չի, որ ամբողջ ուսումնառության ընթացքն է ավտոմատ նշանակում կրթաթոշակի ստացում, ուսանողները նաև պետք է պատշաճ առաջադիմություն ունենան»։
Ըստ նրա՝ ՄԿՈՒ համակարգում ընդունելության ցուցանիշները ցույց են տալիս, որ պահպանվում է ընդունելության բարձր ցուցանիշների դինամիկան՝ անցյալ տարի ավելի քան 14000 ուսանող է գրանցվել ՄԿՈՒ համակարգում, այս տարի միայն առաջին փուլի արդյունքներով՝ մոտ 15000։
Մարզային դպրոցներում տնօրենների թափուր հաստիքները շատ են։ Այս խնդրի առնչությամբ էլ Անդրեասյանը նախ ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունենում դպրոցի տնօրեն նշանակելու գործընթացը՝ որպեսզի որեւէ մեկը նշանակվի դպրոցի տնօրեն, պետք է համապատասխանի պահանջներին, սկզբում հաջողությամբ հաղթահարի հավաստագրման փուլը, որը ղեկավարման իրավունքի հնարավորություն է տալիս, այնուհետեւ զարգացման ծրագիր ունենա, որը դրական է գնահատվել, եւ հարցազրույցը հաղթահարի, որը տեղի է ունենում նախարարությունում:
«Եթե որեւէ մեկը հաղթահարում է այս փուլերը, նշանակվում է տնօրեն։ Ամեն 100 հավակնորդից 5-ն է կարողանում հաջողությամբ հաղթահարել եւ նշանակվել: Սա ակնհայտ է դարձնում, որ ոլորտում կարողությունների զարգացման խնդիրներ կան»,-ասաց ԿԳՄՍ նախարարը։