ՀՀ-ն ամենախոցելի վիճակում եղել է հենց Բայդենի պաշտոնավարման շրջանում․ մենք երբեք բավարարված չենք եղել ԱՄՆ այն ժամանակվա վարչակազմի արձագանքից ու աշխատանքից․Փաշինյանն արձագանքում է Օ՛Բրայենին

Նախ արձանագրենք, որ Օ՛Բրայենը ԱՄՆ նախագահ Թրամփի պաշտոնավարման արդյունքում զրկվել է իր բարձրաստիճան աշխատանքից, և նա հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան անել։
Այս իմաստով նրա ասածը մի կողմից տարօրինակ է, մյուս կողմից բացարձակ տարօրինակ չէ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի վերջերս արած հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Օ՛Բրայենն իր հոդվածում խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և «Թրամփի ուղու» մասին իր ծավալուն հոդվածում քննադատել էր Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների որոշ տարրեր, նա գրել է, որ «Ադրբեջանը շահեց, ստացավ միջանցք, իսկ Հայաստանը դարձավ ավելի խոցելի»։
Անդրադառնալով նրա այս հայտարարություններին, Փաշինյանն ասաց․«Եթե պարոն Օ՛Բրայենը խոսում է ՀՀ խոցելիությունից, պիտի արձանագրեմ, որ ցավոք, Հայաստանն ամենախոցելի վիճակում եղել է հենց իրենց պաշտոնավարման շրջանում։ Ես ուզում եմ հիշեցնել 2021, 2022, 2023 թվականների իրադարձությունները (ՀՀ ինքնիշխան տարածքների Ադրբեջանի կողմից օկուպացիան, և Արցախի հայաթափումը, խմբ․)։ Մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից ու աշխատանքից , որ ԱՄՆ այդ պահին գործող վարչակազմն իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգն աջակցելու համար։
Պարոն Օ՛Բրայենը մի մարդ է, որն այդ ամենի արդյունքում զրկվել է իր աշխատանքից և նրա էմոցիոնալ գնահատականները ես չեմ պատրաստվում մեկնաբանել։ Եթե աշխատանքից զրկվել է, պետք է ինքնահեռացմամբ զբաղվի, և ոչ թե աշխատանքից զրկվելու մեղքը բարդի ՀՀ-ի վրա»։ Փաշինյանը հայտարարեց՝ այսօր ՀՀ-ն իր նորանկախ պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է․ «1991 թվականից մինչև այսօր մենք ավելի պակաս խոցելի վիճակում չենք եղել, և թերևս աշխարհաքաղաքական փոփոխությունները նկատելու հմտությունների պակասն է, որ պարն Օ՛Բրայենին թույլ չի տվել շարունակելու իր աշխատանքը ԱՄՆ պետական դեպարտամենտում»։