«Լեռան դուռը»․ ինչո՞ւ են լքում հնավայրերով հարուստ գյուղը

Կարմրաքարը Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է, տարբեր ժամանակաշրջաններում հայտնի է եղել նաև Դարբանդ, Դերբենդ, Դարաբանդ անվանումներով, որն ունի պարսկական ծագում և նշանակում է «լեռան դուռ» կամ «լեռան դարպաս»՝ նկատի ունենալով տարածքի լեռնային դիրքը և դերը որպես դարպաս։
Կարմրաքար բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 10կմ հեռավորության վրա: Գյուղում 50 մարդ է ապրում, որոնց մի մասը ձմռան ամիսներին տեղափոխվում է քաղաք։
Մանվել Մաթևոսյանը գյուղի հնաբնակներից է, լավ տիրապետում է Կարմրաքարի պատմությանը։ Թեև բնակավայրը հարուստ է պատմական, հնագիտական վայրերով, որևէ նորմալ ենթակառուցվածք չունի։ Ճանապարհներն անբարեկարգ են, չկա տրանսպորտ, կրթօջախ, խանութ, ժամանցի և սպասարկման օբյեկտ։
Կարմրաքարի տարածքում կա կիսավեր 2 եկեղեցի, խորհրդային տարիներին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են նախաքրիստոնեական ժամանակների ամրոցի հիմնապատեր ու հնագույն գերեզմաններ: Ավելի ուշ կատարված հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում գյուղի տարածքում հայտնաբերվել է ևս մեկ հնավայր, վաղ բրոնզի և երկաթի դարաշրջաններին վերաբերող գտածոներ։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։