Արտյոմ Չերնամորյան. Նեթանյահուն որպես անհատ կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց Իսրայել պետությունը և Կնեսեթը պաշտոնապես չեն ճանաչել այն, հավանաբար, երբեք չեն ճանաչի

«Երբ Թուրքիան քննադատում է Իսրայելի քաղաքականությունը և մեղադրում պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանության մեջ, ապա իշխող կուսակցության բոլոր անդամները սկսում են խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին»,-այս կարծիքին է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
Նա հիշեցնում է, որ վարչապետ Նեթանյահուն փոդքասթի հաղորդավար Պատրիկ Բեթ-Դևիդի հետ զրույցում չի արտասանել «ցեղասպանություն» բառը, այլ դրականորեն է պատասխանել Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից հայերի սպանությունները որպես այդպիսին ճանաչելու հարցին։
Հիշեցնենք, օգոստոսի 26-ին լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդը իր փոդքասթում Իսրայելի վարչապետին հարցրել է, թե ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է. «Կարծում եմ՝ ճանաչել է: Կարծում եմ՝ Կնեսեթն այդ մասին բանաձև է ընդունել»: Սակայն նշենք, որ Կնեսեթը նման օրենք չի ընդունել։ Երբ լրագրողը հարցրել է՝ թե ինչո՞ւ իսրայելցի որևէ վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել է. «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։
RegionsTV-ի հետ զրույցում Արտյոմ Չերնամորյանը նկատում է՝ Նեթանյահուն փոխաբերական իմաստով է խոսում ոչ միայն հայերի, այլև հույների և ասորիների մասին, նա արտահայտել է իր կարծիքը, բայց դա ոչինչ չի նշանակում․« Ինչ-ինչ պատճառներով, վերջին 15 տարիների ընթացքում մեր հարցը դարձել է հենց Իսրայելի կողմից Թուրքիային սպառնացող վտանգի հարցը: Դեռևս 2019 թվականին Պետահ Տիկվա քաղաքի երկու հայկական կազմակերպություններ նամակ են գրել վարչապետին և բոլոր կուսակցություններին՝ նշելով, որ մենք այլևս թույլ չենք տա, որ մեր հայկական հարցը օգտագործվի Թուրքիայի դեմ իրենց կեղտոտ քաղաքական խաղերում: Իհարկե, նրանք մեզ չլսեցին և արեցին այն, ինչ անհրաժեշտ համարեցին»:
Չերնամորյանը նշեց, որ Իսրայելը նման մարտավարությունն օգտագործում է որպես քաղաքական հակաքայլ, իսկ հայկական ողբերգությունն օգտագործվում է Իսրայելի և Թուրքիայի միջև քաղաքական խաղերում: Նրա կարծիքով՝ Նեթանյահուն որպես անհատ կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց Իսրայել պետությունը և Իսրայելի Կնեսեթը պաշտոնապես չեն ճանաչել այն և, ամենայն հավանականությամբ, երբեք չեն ճանաչի:
Իսրայելը պատրաստվում է հարձակման Գազայի վրա և հարվածում է քաղաքին, և ինչպես նկատեց Չերնոմորյան Իսրայելը պատրաստվել է մաքրել Գազան Համասից, ու երբ Թուրքիան պնդում է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայում, այդ ժամանակ է, որ Իսրայելը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը։ Նրա խոսքով՝ Իսրայելի կառավարությունը, հավանաբար, երբեք պաշտոնապես չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսեթում բարձրացվել է ավելի քան 17 անգամ, Չերնոմորյանի ներկայացմամբ՝ այն դրվել է քննարկման, միշտ հայկական հարցը տեղափոխել են արտաքին գործերի, պաշտպանության և միջազգային հարաբերությունների հանձնաժողովներ, ու սառեցրել։ Միայն մեկ անգամ է Հայոց ցեղասպանության հարցը քննարկվել մշակույթի, սպորտի և կրթության հանձնաժողովում, ցանկանում էին ցեղասպանությունը, բայց այդպես էլ դա չարեցին։
Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահի կարծիքով՝ Իսրայելը պետք է ճանաչեր հայերի ցեղասպանությունը 1948 թվականին, երբ Հոլոքոստից հազիվ փրկված մարդիկ ստեղծեցին երկիրը։ Նրանք պետք է առաջինը ճանաչեին հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, բայց չարեցին, և հիմա արդեն ուշ է․« Անցել է ավելի քան 70 տարի, և նրանք չեն ճանաչի այն, քանի որ նրանց էգոն ասում է, որ հրեա ժողովուրդը Հոլոքոստ է վերապրել, իսկ մյուս ազգերի նկատմամբ, այո կատարվել է մարդկության դեմ հանցագործություններ։ Բայց դա ո՛չ ցեղասպանություն է, ո՛չ էլ Հոլոքոստ։ Ցեղասպանության ժամանակ սպանվել է 1,5 միլիոն հայ, հրեաների չափանիշներով սա ցեղասպանություն չէ։ Իսկ ահա հրեաների դեպքում ավելի քան 6 միլիոն հրեա է զոհ գնացել, ինչը համարվում է ցեղասպանություն։ Այս էգոն նրանց մեջ արմատացած է, նրանք երբեք չեն ճանաչի մեկ այլ ժողովրդի ցեղասպանությունը»։
Նա նշեց, որ վերջերս Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են, ինչը, հնարավոր է, Նեթանյահուին դրդել է խոսել ցեղասպանությունից։
Նրա խոսքով՝ այժմ Իսրայելը կարծում է, որ Թուրքիան իր համար երկրորդ սպառնալիքն է Իրանից հետո․«Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը հրապարակավ մեղադրում է Իսրայելին պաղեստինցիների ցեղասպանությունը կազմակերպելու մեջ և դատապարտում է Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում, Թուրքիան և Իսրայելը շատ սերտ ռազմական և անվտանգության համագործակցություն ունեն։ Բացի այդ, նրանց առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է մի քանի միլիարդ դոլար, այսինքն՝ նրանք իսկապես շատ լավ գործընկերներ են։ Շատ իսրայելցիներ հանգստանում են Թուրքիայում, բայց վերջերս, պատերազմի և սպառնալիքների պատճառով, իսրայելցիները շատ ավելի քիչ են մեկնում Թուրքիա»։
Չերնոմորյանի կարծիքով՝ խոշոր խաղացողներն իրենց շահերն ունեն, որոնք համընկնում են մեկ տարածաշրջանում և չեն համընկնում մեկ այլ տարածաշրջանում։ Այդպես է Թուրքիայի և Իսրայելի դեպքում։
Մեր զրուցակիցը նկատեց՝ եթե Թուրքիան և Իսրայելը թշնամիներ են Սիրիայում, ապա Կովկասում նրանք թշնամիներ չեն, այլ՝ ընկերներ։
«2025 թվականի հունվարին վերլուծությունն իրականացրած ինստիտուտը նամակ է ուղարկել Իսրայելի պետությանը՝ առաջարկելով տարեկան 15 միլիարդ շեկելով ավելացնել ռազմական ծախսերը, ինչը կազմում է մոտ 4-5 միլիարդ դոլար, որպեսզի երկիրը զերծ պահի թուրքական հնարավոր ագրեսիայից։ Թուրքիան սահման ունի Սիրիայի հետ, թուրքական զորքերը գտնվում են Սիրիայում։ Արդեն եղել են դեպքեր, երբ իսրայելական և թուրքական ինքնաթիռները հանդիպել են երկնքում, բայց թուրքական ինքնաթիռին չի տրվել առաջադրանք հարվածելու իսրայելական ինքնաթիռին»,-ասաց գլխավոր խմբագիրը և հավելեց, որ Կովկասում թուրքերն ու ադրբեջանցիները լավ հակակշիռ են ծառայում Իրանի դեմ, հետևաբար, Իսրայելը «օգնում է» Թուրքիային և Ադրբեջանին՝ նրանց վաճառելով ամենաժամանակակից զենքը։
Ինչ վերաբերում է հայ-իսրայելական քաղաքական հարաբերություններին, ապա, ըստ Արտյոմ Չերնամորյանի, դրանք շատ վատ վիճակում են։ Նա կարծում է, որ դրա համար մեղավոր են երկու կողմերն էլ։
Չերնամորյանը կարծում է, որ օգոստոսի 8-ից հետո, երբ Վաշինգտոնում համատեղ համաձայնագրեր ստորագրվեցին, հնարավոր է հայ-իսրայելական հարաբերություններում որոշակի ջերմացում․«Ես միշտ ասում եմ, որ երբ խոսում եք Իսրայելի մասին, նկատի ունեցեք Միացյալ Նահանգները, իսկ երբ խոսում եք Միացյալ Նահանգների մասին, նկատի ունեցեք Իսրայելը։ Մենք պետք է բարելավենք մեր հարաբերությունները Իսրայելի հետ ԱՄՆ-ի միջոցով։ Բայց կարծում եմ, որ Նեթանյահուի կառավարման օրոք դա շատ դժվար կլինի։ Քանի դեռ Նեթանյահուն իշխանության գլուխ է, գործնականում անհնար է որևէ բան անել այս ուղղությամբ։ Միայն նրանից հետո հնարավոր կլինի լուծել բոլոր հարցերը։ Ոչ ոք հավերժ չէ այս աշխարհում»։
Զաբելա Ավագյանը