Մոտ օրերս Հայաստանում հանդիպելու են ՀՀ և Թուրքիայի պատվիրակությունները, քննարկման օրակարգը՝ սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում․Ռուբինյան

Մոտ օրերս Հայաստանում հանդիպելու են ՀՀ և Թուրքիայի պատվիրակությունները, օրակարգը ներառելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ողջ օրակարգը, կքննարկվեն այն քայլերը, որ արվել են մինչ այս, և այն քայլերը, որ դեռ ընթացքի մեջ են։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ վերջերս էլ հանդիպում է եղել Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրերը քննարկելու շուրջ, նաև քննարկման թեմա կա Անիի պատմական կարմրջի վերականգման վերաբերյալ, իսկ գլխավոր թեման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։
«Վաշինգտոնյան համաձայնագիրն ու հռչակագիրը շատ կարևոր իրադարձություն էր, որը միանշանակ կազդի և՛ տարածաշրջանային գործընթացների վրա դրական կերպով, և՛ տարածաշրջանից դուրս գործընթացների վրա։ Այս առումով դրական ենք տրամադրված»,-ասաց Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք վաշինգոնյան համաձայնագրերը կարող են դրական ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։
Նա շեշտեց՝ այս ամբողջ գործընթացը հայ-թուրքական սահմանի բացման մասին է․«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Թուրքիա-Հայաստան փակ սահմանի բացման և Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, քննարկումները հիմնականում սրա մասին են։ Քաղաքական կամքի առկայության դեպքում, իսկ մեր կողմից այդ կամքը միանշանակ կա, դա արագ կարող է տեղի ունենալ»։
3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ պայմանավորվածությունը չի իրագործվել, ինչպես ասաց Ռուբինյանը, ոչ Հայաստանի մեղքով։
«Հույս ունենք՝ կիրագործվի»,-նշեց նա։