Շիրակում անշարժ գույքի շուկայում գնաճ է նկատվում․անցած տարվա համեմատ տների գները զգալի աճել են

Շիրակի մարզում անշարժ գույքի շուկայում գնաճ է նկատվում։ Շիրակցիները, կարելի է ասել, նույնիսկ զարմացած են՝ ինչո՞ւ են հողատարածքների և բնակարանների գներն աճել, քանի որ պաշտոնապես ամենաղքատ մարզի բնակիչների գնողունակությունն, այն էլ անշարժ գույքի, բարձր չէ։
Գյումրիում գործող անշարժ գույքի գործակալություններից մեկի ներկայացուցիչը RegionsTV-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ներկա պահին մարզում անշաժ գույքի շուկան ակտիվացել է, միտում կա, որ էլի կատիվանա։ Նա հայտնեց, որ գնային զգալի տատանումներ այս պահին շուկայում չկան։
Չնայած, անշարժ գույքի գործակալության ներկայացուցչի այս հավաստիացմանը, վիճակագրական կոմիտեի օրերս հրապարակած ցուցանիշների համաձայն, Շիրակի քաղաքաներում բնակարանների գները զգալի թանկացել են։
Օրինակ, ըստ ՎԿ-ի, Գյումրիում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գինը 2024 թվականի հուլիսին 1քմ-ի արժեքը կազմել է 171 հազար դրամ, իսկ այս տարվա հուլիսին՝ 213 500 դրամ, Արթիկում նախորդ տարվա հուլիսին՝ 96 300 դրամ, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 118 500 դրամ, Մարալիկում 2024 թվականի հուլիսին՝ 73 հազար դրամ, այս տարվա հուլիսին՝ 80 հազար դրամ։
«Գնային փոփոխության վրա ազդող հիմնական գործոնը բնակֆոնդի պակասությունն է, քանի որ շենքերը քիչ են, իսկ բնակարանների պահանջարկը հակառակը՝ մեծ է։ Բնակարանների գնային տատանումները զուգահեռաբար ազդում են նաև սեփական տների և հողատարածքների վրա, քանի որ դրանք զուգորդվող ոլորտներ են»,-պարզաբանեց գործակալության ներկայացուցիչը։
Ներկայումս լայն թափով ընթացող շինարարական աշխաանքներից զերծ չի մնում նաև Շիրակի մարզը։
Ըստ գործակալության ներկայացուցչի, Գյումրիում էլ մասնավորի ներդրումներով շենքեր են կառուցվում, քանի որ կա պահանջարկ, բաց այս, նաև հիփոթեքային ծրագրերն են նպաստում դրան։․
«Այս պահին բնակչության շրջանում բնակարանների բավականին մեծ պահանջարկ կա՝ երիտաարդ, նորաստեղծ, կամ էլ այլ վայրերից տեղափոխված ընտանիքների կողմից։ Երիտասարդ ընտանիքները շատ հաճախ դիմում են բնակարաննների ձեռքբերման համար հիմնականում հիփոթեքային ծրագրերով։ Լինում են նաև դեպքեր, երբ հողատարածքներ են գնում բնակարաններ կառուցելու համար, բայց ավելի հաճախ հենց բնակարաններ են գնում»։
Նկատենք, որ Շիրակի մարզում 2024 թվականի հուլիսին հիփոթեքային 25 գործարք է կնքվել, իսկ 2025 թվականի հուլիսին՝ 28։
Բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքները Շիրակում 2024 թվականի հուլիսին կազմել են 56, իսկ 2025 թվականի հուլիսին՝ 54։ Հողերի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքները Շիրակում նախորդ տարվա 2024 թվականի հուլիսին կազմել են 103, այս տարվա հուլիսին՝ 74։
Եթե հաշվի առնենք, որ սրանք մեկ ամսվա ցուցանիշներն են, կարելի է ասել, որ տարվա կտրվածքով, այդուհանդերձ, գործարքներին թիվն ավելին է։
Գործակալության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում Շիրակում անշարժ գույքի շուկայի զարգացումների մասին ասաց՝ սա այն ոլորտն է, որտեղ երկարաժամկետ հատվածում միշտ էլ գները բարձրանում են․«Սակայն պայմանավորված այս պահին բուռն կերպով ընթացող շինաշխատանքներով հնարավոր է օրինակ առաջիկա 5-7 տարում գնիջեցում նկատվի, սակայն դրանից հետո գները կլինեն ավելի բարձր, քան ներկայումս»։
Նիկոլ Մարգարյան