Գործընկերությունն ամուսնություն չէ․Փաշինյանն արձագանքում է ՌԴ-ին «դավաճանելու» մասին քննադատություններին

«Մենք 34 տարվա անկախ պետություն ենք և նոր պետք է հասկանանք, որ գործընկերությունն ամուսնություն չէ, ընկերություն է։ Տարբերությունն այն է, որ եթե դու ամուսնանում ես ու ունենում ես մեկից ավելի զուգընկեր, դու դավաճանում ես, իսկ երբ ունենում ես մեկից ավել ընկերներ, նշանակում է՝ նորմալ մարդ ես։ Ոչ միայն ընկեր ունես, այլև քո ընկերների շրջապատը լայնանում է»,-այս մասին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ընդդիմադիրների այն քննադատություններին, որ ՀՀ-ն համաձայանգիր է կնքում ԱՄՆ-ի հետ, ինչ է դավաճանություն է Կրեմլի հանդեպ, ապա վարչապետը մեկնում է Չինաստան, ու այնտեղ ռազմավարական փաստաթուղթ կնքում։
Նրա խոսքով՝ ՀՀ ֆունդամենտալ խնդիրն այն է, որ մեզ միշտ թվացել է, թե եթե մեկի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել, ապա դա «պսակվելու պես մի բան է, մի հոգու հետ պիտի անենք։ Ինչքան էլ զվարճալի է հնչում, այդպես է եղել»։
Փաշինյանի ներկայացմամբ՝ արտաքին քաղաքականությունը նրա համար է, որ ունենանք շատ գործընկերներ։
Ընդդիմության մեկ այլ քննդատությանն էլ՝ թե վաշինգտոնյան հռչակագիրը հեռանկար չունի, Փաշինյանը պատասխանեց՝ վաշինգտոնյան համաձայնությունները հնարավորություն են տալիս Հայաստան-ՌԴ և Հայաստան-Իրան հարաբերությունները խորացնել. «Ես ուզում եմ ուղիղ ասել, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում և հանդիպման ընթացքում, և Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում խոսել եմ այն հնարավորությունների մասին, որ բացվում են մեր հարաբերությունները խորացնելու համար»։
Փաշինյանի ներկայացմամբ՝ նաև օգոստոսի 8-ից առաջ էլ կային մտավախություններ, դրանք միշտ լինելու են․ «Դա բնականոն գործընթաց է։ Քաղաքականությունն էլ, դիվանագիտությունն էլ, արտաքին հարաբերություններն էլ ուրիշ բանի մասին չեն, մի բանի մասին են՝ կողմերն իրենց մտահոգությունները կիսում են իրար հետ և սկսում նայել, թե ինչպես կարող են համագործակցել այդ մտահոգությունները կառավարելու և փարատելու ուղղությամբ»։
Խորհրդարանում Փաշինյանն անդրադարձավ նաև խաղաղության համաձայանգրի նախաստորագրման վերաբերյալ քննադատություններին, ասաց՝ հաստատված խաղաղությունը վիժեցնել ցանկացող ուժեր կան․«Հնարավոր չի չտեսնել, որ այդիպիսի շահագրգռություն ունեցող ուժեր կան և՛ Հայաստանում, և՛ հեռավոր, և մերձակա մոտակայքում: Հաստատվել է խաղաղություն, այլ բան է, որ այդ խաղաղությունը հաստատված պետք է էս կետից զարգացնենք դեպի ինստիտուցիոնալ ուժեղացում, ի հեճուկս նրանց, ովքեր ուզում են զարգացնել դեպի ինստիտուցինալ ոչնչացում»: