«Ուրեմն Կոմկուսը մեր հիմնական ընդդիմութունն է»․Ալեն Սիմոնյանը հեգնեց, թե ընդդիմություն չկա | Region

«Ուրեմն Կոմկուսը մեր հիմնական ընդդիմութունն է»․Ալեն Սիմոնյանը հեգնեց, թե ընդդիմություն չկա

Սեպտեմբեր 11,2025 14:13

Խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի, կան որոշ անհատներ, որոնք տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում՝ ապագա խորհրդարանում հայտնվելու համար։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իրենց ասածը ոչ մեկը չի լսում, իրենք 7 հոգի փողոցում չեն կարող հավաքել։ Իմ նկարը դնեմ փողոցում, ավելի շատ մարդ կհավաքվի շուրջը, քան, եթե իրենք ուզեն։ Իրենք քաղաքական դիակ են, սնանկ են, քաղաքական օրակարգ չունեն»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ եթե ընդդիմություն չկա, ինչո՞ւ վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ պարտվեց, Սիմոնյանն այսպես պատասխանեց․ «Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն Կոմկուսը մեր հիմնական ընդդիմութունն է։ Երկրի երկրորդ քաղաքն է և ունի քաղաքապետ: Այս սարկազմը դնում եմ մի կողմ, տեսնո՞ւմ եք, որ մենք ընդդիմություն չունենք, իրոք չկա»:

Նա հույս հայտնեց, որ արտախորհրդարանական ընդդիմության մեծ մասը կհայտնվի ԱԺ-ում։

Ո՞ր քաղաքական ուժին է համարում իրենց մրցակից, լրագրողի այս հարցին Սիմոնյանը պատասխանեց․«Դա շատ տրիվիալ է: Իրոք, դժվարանում եմ որևէ մեկի անունը տալ»։ Ապա նա լրագրողներն խնդրեց իրենք անուններ տան, ինքն էլ հերթով կանդրադառնա նրանց:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ օրինակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գլխավոր մրցակի՞ցն է, թե՞ ոչ։

«Ռոբերտ Քոչարյանի պարագայում ես մտածում եմ, որ ինքը կարող է քաշի մեզ, չդնի թեկնածությունը, էդ դեպքում պրոբլեմ կունենանք»,-ասաց Սիմոնյանը:

Իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ էլ ԱԺ նախագահն  ասաց. «Սերժ Սարգսյանի պարագայում համարում եմ, որ ինքն ամեն ինչ անելու է, որ հանկարծ էնպես չստացվի, որ մենք էն վերջին րոպեին էլ, վերջին քարոզարշավի օրն էլ մեզ օգուտ տա և օգուտ բերի»:

Ապա անդրադարձավ «Հայրենիք» կուսակցության նախագահին, նշելով․« Արթուր Վանեցյանը կա իրենց տանը, իր փոքր շրջապատում և այն մարդկանց շրջապատում, որոնք մտածում են՝ ոնց անեն, որ իր կողքը լինեն, որ մի քիչ փող տա իրենց կյանքը դասավորեն: Արթուր Վանեցյան քաղաքական գործիչ ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ երբևիցե կլինի: Դա իմ հնարովի կերպարն է»։

Մի ժամանակ Ալեն Սիմոնյանն ու Արթուր Վանեցյանը ընկերներ են եղել։ Սիմոնյանը չհերքեց, որ նրանք լավ հարաբերություններ են ունեցել, սակայն հավելեց․ «Նա ապացուցեց, որ ես չարաչար սխալվում էի: Լավ կլինի բոլոր էն մարդիկ, որոնք մտածում են՝ ինքն իրենց ընկերն է մի հատ վերանայեն իրենց մոտեցումները, որովհետև պատեհ առիթի դեպքում էնքան բան կպատմեմ, որ մարդիկ կարող է իրեն փողոցում տեսնեն ու բարև չտան»:

 

Նորություններ