Կարեն Հովհաննիսյան. Եթե զինծառայության կրճատման մասին նախագծին չհետևեն բարեփոխման այլ նախագծեր, ապա կստացվի, որ այն ընդամենը նախընտրական քարոզարշավի համար է | Region

Կարեն Հովհաննիսյան. Եթե զինծառայության կրճատման մասին նախագծին չհետևեն բարեփոխման այլ նախագծեր, ապա կստացվի, որ այն ընդամենը նախընտրական քարոզարշավի համար է

Սեպտեմբեր 15,2025 11:21

Վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով՝ 2 տարվա փոխարեն այն դարձնել 1.5 տարի։ Ըստ օրինագծի՝ 2026 թվականի ամառային զորակոչից սկսած՝ շարքայինների զինծառայության ժամկետը կկազմի 18 ամիս։ Հանրային քննարկումը կտևի մինչև սեպտեմբերի 26-ը։ Նախատեսվում է, որ այս որոշման ընդունման դեպքում փոփոխությունը կկիրառվի 2026 թվականի ամառային զորակոչից։

Օրինագիծը լայն հանրային արձագանք առաջացրեց և ընդգծեց Հայաստանի պաշտպանունակության հարցի կարևորությունը։ Փոփոխության հետագա ճակատագիրը կախված կլինի հանրային քննարկման արդյունքներից, տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումից և Պաշտպանության նախարարության պատրաստակամությունից՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական երկխոսության։

Եթե բարեփոխումը սահմանափակվում է ընդամենը պարտադիր զինծառայության ժամկետի կրճատմամբ, ապա դա խնդրի լուծում չէ։ RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս գործընթացը պետք է լինի շարունակական, որին կհաջորդեն բանակի անձնակազմի համալրման գործընթացներ, և սա պետք է հստակորեն տեղավորվի այն համատեքստում, որ զինվորական ծառայությունը պետք է լինի շատ ավելի գրավիչ․«Այլ կերպ ասած, այստեղ պետք է ներդրվի ոչ միայն բարձր վարձատրվող զինվորականների ընդունման մեխանիզմ, այլև բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որպեսզի զինվորական ծառայությունը ոչ միայն գրավիչ լինի, այլև ավելի կենսունակ երիտասարդների համար»։

Կարեն Հովհաննիսյանն ընդգծեց զինվորների պատրաստման և կրթության ծրագրերի վերանայման կարևորությունը, նշելով, որ շատ կարևոր է, թե ինչ համատեքստում է նախագիծը մշակվում։

Նրա դիտարկմամբ՝  պետք է հասկանալ, որ 1,5 տարի ծառայող 18 տարեկան զինվորը պետք է դիտարկվի, որպես ռազմական մասնագիտություն ստացող զինվոր, այլ ոչ թե պարզապես 1.5 տարի զենք բռնող ու սահման պահող․«Դրա փոխարեն նա պետք է տիրապետի զինվորական մասնագիտությանը, մարտական ​​հմտություններին, մարտավարությանը և սովորի փոխազդել բանակի հետ, որպեսզի դժվարին ժամանակներում կարողանա իր գիտելիքներն օգտագործել հայրենիքը պաշտպանելու համար իր ողջ կյանքի ընթացքում, այսինքն՝ 25, 30, 35, 40 տարեկանում նա պետք է լինի մարտունակ։ Կրկնում եմ ևս մեկ անգամ, մենք պետք է ունենանք անհրաժեշտ թվով զինվորներ ոչ թե պարտադիր զինվորական ծառայության, այլ պայմանագրային զինծառայողների միջոցով»։

Այսինքն, ինչպես նշեց փորձագետը, կարևոր է ոչ միայն ծառայության տևողությունը, այլև ուսուցման որակը։

Նրա խոսքով՝ ինչպես ներդրվեց պարեկային ծառայությունը՝ բարձր աշխատավարձերով, ժամանակակից մեքենաներով և բազմաթիվ սոցիալական ծրագրերով, այնպես էլ պետք է ներդրվեն ծրագրեր, որոնք կբարձրացնեն զինծառայողների կարգավիճակը, և մենք կկարողանանք զինվորական ծառայության մեջ ներգրավել մարդկանց, ովքեր այն կդիտարկեն որպես ամենօրյա աշխատանք։

Բանակում բարեփոխումներ իրականացնելու ժամանակը վաղուց եկել է,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց. «Ցավոք, բանակին վերաբերող այս ամենակարևոր բարեփոխումը կդառնա քարոզարշավի մաս և դուրս կմնա բովանդակային քննարկումից՝ դառնալով քաղաքական շահարկումների առարկա։ Ահա թե ինչու եմ կարծում, որ դա պետք է արվեր կամ ընտրություններից առաջ, կամ դրանից հետո։ Եթե սա դիտարկենք ընտրությունների համատեքստում, ապա այն չի ներառվի բովանդակային քննարկման մեջ, և, բնականաբար, մենք չենք կարողանա հասարակական կարծիք ձևավորել դրա նշանակության և դերի կարևորության վերաբերյալ»։

Հովհաննիսյանը շեշտեց, որ անհրաժեշտ է լայն քննարկում բանակի ապագայի, դրա կառուցվածքի և հասարակության մեջ դերի վերաբերյալ: Ծառայության տևողության կրճատումը բարեփոխման միայն մեկ տարրն է, բայց այն չպետք է ստվերի ավելի խորը խնդիրները:

Իրականում, ըստ ռազմական փորձագետի, բանակի թվաքանակի պակասը պետք է լրացվի բացառապես պայմանագրային զինծառայողներով․ «Կարևոր է, որ պայմանագրային զինծառայողները շատ ավելի մրցունակ լինեն թե՛ ինտելեկտուալ, թե՛ ֆիզիկական պատրաստվածությամբ, նրանք պետք է լինեն շատ ավելի լավ մարզավիճակում, քան մինչ այժմ եղել են: Պետք է մշակվեն նոր մեխանիզմներ»:

Հովհաննիսյանի խոսքով՝ ժամկետային զինծառայողների վրա հույս դնելը ճիշտ չէ, պետք է նրանց դիտարկել որպես սուբյեկտներ, որոնք հնարավորություն ունեն ստանալու երկրորդ մասնագիտություն․«Մենք այլևս պետք է ժամկետայինների համար բանակը դիտարկենք որպես ռազմական հաստատություն, որտեղ նրանք ստանում են զինվորական մասնագիտություն։ Ես նկատի ունեմ, որ խաղաղ ժամանակ հայրենիքի ամենօրյա պաշտպանությունը պետք է իրականացնեն այլ ստորաբաժանումներ, որտեղ կծառայեն պայմանագրային զինծառայողներ։ Ռազմական գործողության ժամանակ մենք կարող ենք օգտագործել նաև այս բոլոր նախկին զինծառայողներին, քանի որ մենք նրանց մեկուկես տարի մարզել ենք զինվորական մասնագիտությամբ»։

Ընդհանուր առմամբ, փորձագետը կարծում է, որ բանակի բարեփոխումը բարդ և բազմակողմանի գործընթաց է, և եթե այս նախագծին չհաջորդի մեկ այլ նախագիծ, որը պետք է բարձրացնի պայմանագրային զինծառայողների աշխատավարձը և պայմանագրային զինծառայողների թիվը, ապա կստացվի, որ այս նախագիծը   պարզապես նախըտրական քարոարշավի և  ընդհանրապես քաղաքական շահարկումների համար է․«Հետևաբար, սա պետք է ներկայացվի փաթեթով, որպեսզի մենք կարողանանք իրականացնել նման լայնածավալ գործողություններ։ Բանակը մեծ կառույց է, որտեղ եթե մեկ քարը շարժես, բոլոր քարերը կշարժվեն, և մենք պետք է դա հաշվի առնենք, որպեսզի այս քարը չափազանց մեծ վնաս չպատճառի, այլ ամրապնդի կառուցվածքը»։

Զաբելա Ավագյան

Նորություններ