«Նախագիծը շատ լավ մշակված նախընտրական քայլ է»․Մանուկյանը՝ զինծառայության ժամկետը կրճատելու վերաբերյալ նախագծի մասին

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնել։ Նախագծով առաջարկվում է փոփոխությունը կիրառել 2026-ի ամառային զորակոչից:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում «Հայստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադառնալով շրջանառության մեջ դրված նախագծին՝ ասաց․«Այս կառավարությունն անցնող տարիներին որեւէ գործնական քայլ չի իրականացրել մեր զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակի վերածելու հարցում։ Բազմաթիվ առիթներով պաշտպանության նախարարի ներկայությամբ քննադատության ենք ենթարկել, որ մարտական հերթապահության մեջ ընդգրկվող մեր քաղաքացիների, և ֆիզիկական, և հոգեբանական , և առողջական պատրաստվածությունը լուրջ խնդրահարույց է։ Այս նախագծում նշվում է ատեստացիայի հիման վրա աշխատավարձների բարձրացման մասին, բայց ատեստացիան չի լուծում զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակ վերածելու հիմնախնդիրը և դրա համար կարևորագույն հարցը ամբողջ զինված ուժերի աշխատավարձային ֆոնդի բարձրացումն է, որը կարող է լինել միայն բազային աշխատավարձի փոփոխությամբ»։
Մանուկյանի վստահեցմամբ՝ հաճախ մարտական հերթապահություն իրականացնող հազարավոր մեր հայրենակիցներ չեն կարողանում այդ ատեստացիայի արգելքը հաղթահարել, ինչի պատճաով էլ նրանց աշխատավարձը շարունակում է մնալ ցածր։
Պատգամավորի կարծիքով՝ այս նախագիծը շատ լավ մշակված նախընտրական քայլ է․« Փաշինյանի այդ կեղծ թեզը, թե տեսեք, խաղաղություն է, փորձում են այս սոուսի մեջ տեղավորել։ Նման արմատական փոփոխության դեպքում պետք են լուրջ հիմնավորումներ, վերլուծություններ, ստատիստիկա, դեմոգրաֆիկական խնդիրներ։ Հապճեպությունը այս նախագծի այն է, որ երբ որ որեւէ օրենք մշակում են, ուսումնասիրում են, թե այս օրենքը ինչ կապ ունի մնացած օրենքների հետ և փոփոխությունների փաթեթով են բերում»։
Նա հշեցրեց, որ ՔՊ-ական Հայկ Սարգսյանն էր մի նախագիծ էր ներկայացրել, որը հանրության շրջանում ստացել էր «Բանակում փողի դիմաց չծառայելու» նախագիծ։ Դրանով առաջարկվում սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով, նաև առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։
Վերադառնալով ՊՆ-ի ներկայացրած նախագածին, պատգամավորն ասաց․«Այս նախագծում նշված չէ, որ օրենքը տարածվում է զինված ուժերում այս թվականին զորակոչված այսօր ծառայող զինվորների վրա։ Ստացվում է, որ 2026 թվականի ամռանը զորակոչվելու է պայմանական Գեղամ Մանուկյանը, որը ծառայելու է մեկ տարի ու իր հետ ծառայող մեկ այլ զինվոր ծառայելու է երկու տարի։ Սա հոգեբանական պրոբլեմ է, չի կարող երկու տեսակի զինվոր լինել զինված ուժերում»։
Արդյոք «Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի նախագծին, այս հարցին ի պատասխան Մանուկյանն ասաց, որ դեռ շուտ է այդ մասին խոսել, քանի որ նախագիծը մուտք չի եղել Ազգային ժողով․«Կան խնդիրներ, որոնք պետք է ճշգրտվեն, հստակեցվեն, անորոշություններ չլինեն և նաև հաշվի առնեն անվտանգային գործոնները»։
Նշենք, որ ՊՆ-ի ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշված է․« ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն»: