«Նոա»-ի նախագահը նոր, ժամանակակից մարզադաշտ կկառուցի․կառավարությունն այդ նպատակով հողատարածք է օտարում

Վաղարշապատում նոր ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի։ Այս մասին որոշում ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Ըստ որոշման՝ «Իմեջին Երևան»-ը, որի սեփականատերը «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահն է, Վաղարշապատում ձեռք է բերում 23 հա տարածք՝ ՈՒԵՖԱ-ի չափաշնիշներին համապատասխան, 15․000 նստատեղով նոր մարզադաշտ կառուցելու համար։ Ընդհանուր առմամբ կատարվելու է 7 միլիարդ 2 միլիոն դրամի ներդրում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմքի վրա ստեղծել ամբողջովին նոր ենթակառուցվածքներով և մարզական գույքով հագեցած, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր, որն իր մեջ կներառի՝ ժամանակակից ֆուտբոլային մարզադաշտ, սպորտային բազա և ֆուտբոլային ակադեմիա։
Առաջին փուլով (2024-2030 թթ.) նախատեսված է վերակառուցել, արդիականացնել Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան և այն համապատասխանեցնել միջազգային լավագույն չափորոշիչներին։ Ծրագրի երկրորդ փուլը նախատեսվում է իրականացնել 2025-2030 թվականներին։
Նախագծում նշված է, որ ծրագրի լիարժեք իրականացման համար պետք է օգտագործվեն ինչպես Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի տարածքը, այնպես էլ՝ հարևանությամբ գտնվող 23.84051 հա ընդհանուր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը, որն օտարվում է «Իմեջին Երևան» ըկերությանը՝ ուղղակի վաճառքի ձևով։ Հողամասի ուղղակի վաճառքի արդյունքում համայնքային բյուջե կմուտքագրվի 688 միլիոն 394 հազար դրամ։
Ձեռքբերվող 23.84051 հա ընդհանուր մակերեսով հողատարածքում նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները.
Մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիայի շենքի կառուցում,
Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիային կից սպորտային բազայի կառուցում՝ խաղադաշտերով և ողջ անհրաժեշտ ենթակառուցվածքով,
Մարզադաշտի կառուցում,
Մարզադաշտին օժանդակ և կից սննդի ու ժամանցի ապահովման հանգույցների, տարողունակ ավտոկայանատեղիի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցում։