ԱԱ-2025. Հրաչյա Պողոսյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով՝ 9:0

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը հաղթանակով մեկնարկեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
60 կգ քաշայինների որակավորման փուլում Պողոսյանը գոտեմարտեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վլասիլավ Կուզկոյի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 9:0 հաշվով:
Հայաստանի ներկայացուցիչը առաջին մրցափուլում 3:0 հաշվից հետո 4 միավորանոց գցումով հաշիվը դարձրեց 7:0: Երկրորդ մրցափուլի մեկնարկում Եվրոպայի բրոնզե մեդալակիրը երկու միավոր էլ ավելացրեց իր հաշվին եւ 9:0 հաշվով ժամանակից շուտ ավարտեց գոտեմարտը:
Հայաստանի հավաքականից հաղթանակով է մեկնարկել նաեւ 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը, որը որակավորման փուլում 2 րոպեում 8:0 հաշվով պարտության մատնեց Հոնդուրասի ներկայացուցիչ Լուիս Բարիոս Ռոչեսին:
Արմեն Բաբալարյանի գլխավորած Հայաստանի հավաքականից այսօր մրցագորգ դուրս կգա Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը կլինի որակավորան փուլի Աբդուլ Չեբի (Թուրքիա)- Զեյան Վան (Չինաստան) զույգի հաղթողը:
Երեկոյան մրցահերթում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը: 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Ամոյանը աշխարհի առաջնության ոսկե մեդալը կվիճարկի Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի հետ: