«ՀՀ իշխանությունն է պնդել, որ այդպիսի փաստաթուղթ պետք է ստորագրվի, որպեսզի հնարավոր լինի մնացած մարդկանց կյանքը փրկել»․Աբրահամյանն՝ Արցախը լուծարելու հրամանագրի մասին

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների այն հայտարարություններին, թե Արցախի իշխանություններն են մեղավոր Արցախի կորստի համար, Սամվել Շահրամանյանն է Արցախը լուծարելու փաստաթուղթ ստորագրել, Տիգրան Աբրահամյանն ասաց՝
«Անընդունելի է, որ ՀՀ իշխանություններն իրենց տապալումները, հանցավոր անգործությունը փորձում են բարդել արցախցիների վրա»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որն այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն՝ 2023 թվականին Արցախի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվածերի հիշատակը հարգելու։
Նա, անդրադառնալով ՀՀ իշխանությունների մեղադրանքներին, թե Արցախի իշխանություններն են պատասխանատու Արցախի կորստի համար, Արցախը լուծարելու հրամանագիրը ստորագրել է Սամվել Շահրամանյանն, ասաց՝ տեղծված իրողություններն ու իշխանության պնդումները որևէ առնչություն չունեն իրականության հետ․«Այն հրամանագիրը, որի մասին խոսվում է, այսպես կոչված Արցախի լուծարման, նախ դա իրավական առումով որևէ բովանդակություն չունեցող փաստաթուղթ է։ Պրոցեսը, որը սկսվել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, հանրաքվեի իրականացմամբ, պետականության ստեղծմամբ, դրանք հրամանագրերով չեն կարգավորվում, առավել ևս հրամանագրերով չեն լուծարվում։ Ավելին ասեմ, որքանով ես եմ տեղյակ, Հայաստանի իշխանությունը ոչ միայն տեղյակ է եղել այդ փաստաթղթին, այլ նաեւ Հայաստանի իշխանությունն է պնդել, որ այդպիսի փաստաթուղթ պետք է ստորագրվի, որպեսզի հնարավորություն լինի մնացած մարդկանց կյանքը փրկել»։