Ըմբշամարտի ԱԱ․ 3 մարզիկ դուրս մնացին պայքարից

Զագրեբում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են իրենց ելույթները տարբեր քաշային կարգերում։
63 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ մրցեց ռուս Սերգեյ Եմելինի հետ։ Ասլանյանը պայքարեց համառորեն, սակայն պարտվեց 3։7 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։
87 կգ քաշային Վիգեն Նազարյանը որակավորման փուլում հաղթանակ տարավ Նորվեգիայի ներկայացուցչի նկատմամբ, բայց 1/8 եզրափակիչում ուժերը չբավականացրին՝ պարտվելով ղազախ Իսլամ Եվլոևին։
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը բավականին հաջող սկսեց մրցաշարը։ Նախ որակավորման փուլում նա առավելության հասավ ղազախ ըմբիշի նկատմամբ՝ 10։1 հաշվով, այնուհետև 1/8 եզրափակիչում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին՝ 9։3 հաշվով։ Սակայն քառորդ եզրափակիչում Գալստյանը 3։4 հաշվով զիջեց ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովին և չկարողացավ շարունակել պայքարը։
Մարզասերների ուշադրությունը սևեռված է 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանի գոտեմարտին, ով այսօր երեկոյան կփորձի նվաճել բրոնզե մեդալ։