Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունն ակտիվացել է
Սեպտեմբեր 30,2025 21:07

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը գրում է․
«Լուսանկարում հայկական «Ջրաբերդ» տիպին պատկանող գորգի օրինակն է, որը սերում է Շիրվանից. Գորգի հիմնական հորինվածքի կրկնօրինակը նախորդ տարի Լատվիայում ներկայացվել է որպես «ադրբեջանական գենետիկական կոդ և պատմական ցուցանմուշ»:
«Ջրաբերդ» կամ «Արծվագորգ» խմբում ընդգրկված հայկական գորգերը, եղած տվյալների համաձայն, թվագրվում են 16-20-րդ դարերին: Գեղազարդման հիմնական տարրը խաչաձև առանցքով քառաթերթ վարդակն է, որի կենտրոնում լինում է քառակուսի կամ շեղանկյուն զարդ։ Հայտնի է, որ սա «Ջրաբերդ» տիպի գորգերի հիմնական հորինվածքի բաղադրամասերից է։ Տարածվել է հիմնականում Ջրաբերդի,Շիրվանի, Տավուշի գորգագործական կենտրոններում։
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունն ակտիվացել է միջազգային տարբեր հարթակներում՝ ցուցահանդեսների, դասախոսությունների և նվիրաբերումների տեսքով:
Ադրբեջանը շարունակում է յուրացնել հայկական մշակութային ժառանգությունը՝ խեղաթյուրելով պատմական փաստերը: Այս հանգամանքը չեզոքացնում է ժառանգության ավանդույթը՝ զրկելով այն իսկությունից։
Ադրբեջանը խախտում է ՅՈՒՆԵԿՕ-ի կողմից ընդունված ժառանգության իսկության սկզբունքը, քանի որ համաձայն Նարայում 1994 թվականին ընդունված փաստաթղթի, ճշմարիտ պետք է լինի այն գիտելիքը, որը դրվում է ժառանգության հիմքում և այն արժանահավատ պետք է պահպանվի»։