ԱՄՆ դեսպանություններում կշարունակվեն արդեն նշանակված վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա․ԱՄՆ կառավարությունը շաթդաուն է մտնում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ դեսանատան Facebook-ի էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։
«Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ Այս էջում թարմացումներ կլինեն մեր գործունեության լիարժեք վերսկսումից հետո, իսկ մինչ այդ կտեղադրվեն բացառապես անվտանգության և ապահովության վերաբերյալ հրապարակումները։ Մեր ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկություններ կարող եք գտնել travel.state.gov կայքում»,-տեղեկացնում է դեսպանատունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունը չորեքշաբթի օրվանից դադարեցնում է իր գործունեության զգալի մասը: Պատճառը Կոնգրեսի կողմից մի քանի դաշնային գործակալությունների բյուջեները ժամանակին չհաստատելն է։ Սենատը չի կարողացել ընդունել կառավարության ֆինանսավորման մասին երկու օրինագծերից որևէ մեկը․ դեմոկրատներն ու հանրապետականները չեն կարողացել համաձայնության գալ ֆինանսավորման վերաբերյալ։
Վերջին յոթ տարվա մեջ սա առաջին անգամ է, որ ԱՄՆ կառավարությունը մտնում է շաթդաուն՝ դադարեցնելով գործունեությունը։