«Այլևս քայլեր չեն ձեռնարկվելու պատերազմական հանցագործներին բացահայտելու համար, հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այդ հանցագործները կարող են այցելել Հայաստան»․ Աննա Մելիքյան | Region

«Այլևս քայլեր չեն ձեռնարկվելու պատերազմական հանցագործներին բացահայտելու համար, հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այդ հանցագործները կարող են այցելել Հայաստան»․ Աննա Մելիքյան

Հոկտեմբեր 01,2025 14:36

Դեռ 2016-ի քառօրյա պատերազմից մենք արձանագրեցինք դաժանագույն պատերազմական հանցագործություններ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, ու թեև անհատական գանգատներ էին ներկայացվել ՄԻԵԴ, մինչ օր դատավճիռ չկա, ՄԻԵԴ-ը չի շտապում արձանագրել այդ խախտումները։ Այս մասին այսօր «ՍիվիլՆեթ»-ի  կազմակերպած Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ  փորձագետ Աննա Մելիքյանը։

Նրա կարծիքով՝ քանի որ ՄԻԵԴ-ը պատճաշ արձագանք չի տրվել Ադրբեջանի այդ վարքագծին, դա թույլ տվեց շատ ավելի լանածավալ ու բազմաթիվ հանցագործություններ կատարել 2020-ին ու դրանից հետո։

Կազմակերպությունը գործընկեր կազմակերպությունների հետ փաստահավաք աշխատանք է կատարել՝  ներպետական քննությանն աջակցելու նպատակով տվյալներ է տրամադրել, սակայն, ինչպես նշեց Մելիքյանը, լուրջ մտահոգություններ կան ներպետական մակարդակում իրականացվող քննության արդյունավետության հետ կապված՝ հաշվի առնելով բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։ Նա հիշեցրեց, որ պաշտոնապես հայտարարվել է, որ երկկողմանի համաձայնությամբ դադարեցվում է միջազգային հետախուզումը ենթադրյալ պատերազմական հանցագործների նկատմամբ, այդ թվում՝ այն անձանց, որոնք նույնականացվել են որպես գերիների նկատմամբ հանցագործություններ կատարող, այդ թվում՝ սպանություն։

«Սա լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ ներպետական մակարդակում այլևս քայլեր չեն ձեռնարկվելու այդ անձանց բացահայտելու ուղղությամբ, ու հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այդ անձինք կարող են հանգիստ այցելել Հայաստան ու անպատիժ մնան»,-ասաց Մելիքյանը։

Նա նկատեց՝ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը չի պարունակում որևէ դրույթ, որը կկարգավորեր գերիների վերադարձի հարցը, վաշինգտոնյան համաձայնութուններից հետո ՀՀ պաշտոնյաները այս հարցին սահմանափակ են անդրադառնում։
Մելիքյանի խոսքով՝ միջազգային կարևոր հարթակներում խնդրին կրկին անդրադառնալու վերջին երկու հնարավորությունները բաց թողնվեցին՝ Փաշինյանի ՄԱԿ-ում ու ԵԽԽՎ-ում վերջին օրերի ելույթները․«Հնարավոր է, որ դիտավորյալ է բաց թողնվել այս հնարավորությունը։ Ընդ որում, նա ընդամենն ասել է՝ «պետք է անազատության մեջ պահվող անձանց հարցը հասցեագրվի»։ Ի՞նչ է դրա տակ հասկացվում, արդյոք մենք պահանջում ենք, որ պետք է վերադարձվեն գերիները, արդյոք մենք ընդամենն ուզում ենք արձանագրել, որ այդ անձինք պահվում են Բաքվում, դատվում են, թե՞ ոչինչ չունենք պահանջելու՝ այդ թվում միջազգային հանրությունից»։

Նկատեց ստացվում է, որ Բաքուն կարող է մերժել որևէ անկախ կառույցի կամ մշտադիտակման առաքելության այցը հայ գերիներին, իսկ Ադրբեջանի օմբուդսմենի վրա ընդհանրապես չի կարելի հույս դնել։

Մելիքյանը պատմեց, որ 2020 թվականից հետո հայերանդարձված հայ գերիների հետ հանդիպել են, խոսել, արձանագրել են, որ  նրանց նկատմամբ բռնությունը կիրառվել է և՛ հանրային պաշտպանների ներկայությամբ, բուժանձնակազմի ներկայությամբ, որոշ դեպքերում՝ անգամ բուժանձնակազմի մասնակցությամբ, հայրենադարձված հայ գերիները չեն էլ նշել, որ օմբուսդմենը այցելել է իրենց կամ որևէ երաշխիք ապահովել․«Այսինքն, պաշտոնապես հաստատված Բաքվում պահվող  23 հայ գերիները մնում են անպաշտպան»։

Նորություններ