Եղել են դեպքեր, երբ գերիներին սպանել են, կան բռնի անհետացած մի քանի տասնյակ գերիներ․Սիրանուշ Սահակյան | Region

Եղել են դեպքեր, երբ գերիներին սպանել են, կան բռնի անհետացած մի քանի տասնյակ գերիներ․Սիրանուշ Սահակյան

Հոկտեմբեր 01,2025 14:16

Բարձրաձայնվում է, որ Բաքվում կա 23 հայ գերեվարված անձ, և դա պայմանավորված է նրանով, ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատում է 23 հոգու՝ Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու հանգամանքը, այսինքն՝ նրանց որպիսությունը հայտնի է, բայց սա ամենևին չի նշանակում, որ ի սկզբանե գերեվարվել են և դեռևս Ադրբեջանում պահվում են բացառապես 23 հայ։ Այս մասին այսօր Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկման ժամանակ ասաց Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություն, մասնավորապես գերիների սպանություններ․« Ընդ որում այնպիսի դրվագներով, երբ արդեն գնդակահարված գերու մարմինը հանձնվել է հայկական կողմին, և այստեղ կա համադրված ապացույց՝ մի կողմից Ադրբեջանում գերեվարվելու վերաբերյալ, մյուս կողմից մարմինը գտնվում է հայկական տիրապետության ներքո։ Երկրորդը՝ գերիները բռնի անհետացել են։ Գերեվարմանը հաջորդող ժամանակահատվածում տեղի են ունեցել որոշակի զարգացումներ, որոնցով պայմանավորված  մենք կորցրել ենք տեղեկատվությունը  այս մարդկանց վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը ժխտողական մոտեցում ունի, հերքում է իր կապը բռնի անհետացած գերիների հետ, հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն»։

Սահակյանի խոսքով՝  նման անորոշության պայմաններում չկա որևէ անկախ միջազգային կազմակերություն, որը որոնողական կամ այլ աշխատանքների արդյունքում կարողանա հայտնաբերել փնտրվող անհետացած գերիներին, ստուգել նրանց ողջ լինելը, տեղեկատվություն փոխանցել հայկական կողմին նրանց ողջ լինելու մասին․«Ուստի, եթե մենք իրավական տերմիններով ենք հարցը ձևակերպում, այո, ունենք 23 գերի և ունենք մի քանի տասնյակ  բռնի անհետացած գերիներ։ Բազմիցս խոսվում է 80 անձի մասին։ Դա, ըստ էության, իրավապաշտպանների փաստահավաք գործունեության ընթացքում հաստատված դեպքերն են, և սա երբեք չի կարող որակվել որպես սպառիչ  թվաքանակ։ Առնվազն 80 դեպքի մասին  իրավապաշտպանները փաստեր են ներկայացնում։ Բայց այդ թվերը կարող են շատ ավելին լինել»։

Ադրբեջանում պահվող 23 հայ գերիներից 8-ն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, կա նաև 5 գերեվարված անձ, որոնք դեռ 2020 թվականի պատերազմի ժամանակ են գերեվարվել։

«Ադրբեջանն այս պահին ապօրինաբար անազատության մեջ պահում է  ինչպես  2020 թվականի 44- օրյա պատերազմում գերի ընկածներին, այնպես էլ 2023 թվականին գերեվարված, կալանավորված հայերին»,-ասաց իրավապաշտպանը։

Նա նշեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի վերջին այցը հայ գերեվարված անձ հունիսին է եղել, դրանից հետո մուտքն արգելափակված է, կոմիտեի գործունեությունը դադարեցված, ուստի հանարվոր չէ հայ գերեվարված անձանց մասին տեղեկություն ստանալ։

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն այցելել է  Ադրբեջան, Սահակյանը չբացառեց, որ այցելությունների շրջանակում մեկանգամյա տեսակցություն լինի որոշ հայերի հետ․«Ձեռնպահ կմնամ մանրամասներ ներկայացնելուց։ Ապագայում հայտարարությամբ հանդես կգանք այս հարցի վերաբերյալ»։

 

Նորություններ