Հայաստանում ամեն ինչ բարձր մակարդակի վրա է․ Գրգիչի հարցազրույցը Jutarnji list-ին | Region

Հայաստանում ամեն ինչ բարձր մակարդակի վրա է․ Գրգիչի հարցազրույցը Jutarnji list-ին

Հոկտեմբեր 02,2025 21:47

«Նոայի» հարձակվող Ալեն Գրգիչն ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի մեկնարկային տուրի՝ խորվաթական «Ռիեկայի» հետ խաղից առաջ հարցազրույց է տվել խորվաթական Jutarnji list-ին։

«Այստեղ [Հայաստանում, խմբ․] ամեն ինչ բարձր՝ եվրոպական մակարդակի վրա է: Սկսած պայմաններից մինչև ակումբի անձնակազմի վերաբերմունքը և մեզ տրամադրվող հնարավորությունները՝ ամեն ինչ գերազանց է: Ինչ վերաբերում է թիմին, այն ունի մեծ որակ, բարձր հավակնություններ և զգալի փորձ, ինչը հիանալի համադրություն է:

Մենք ունենք բազմաթիվ որակյալ խաղացողներ, ուստի մարզիչը կարող է ընտրել, թե որ ֆուտբոլիստն է անհրաժեշտ տվյալ խաղի համար: Դա բնական գործընթաց է:

Սանդրո Պերկովիչի հետ համագործակցությունը գերազանց է: Նրա բոլոր պահանջները պարզ են, և նա միշտ հասանելի է, ինչը շատ կարևոր է: Նա մեծապես օգնեց ինձ հարմարվել ակումբին, ինչի շնորհիվ ամեն ինչ ավելի հեշտ և արագ ընթացավ:

Երբ հայկական թիմերը խաղում են մեր դեմ, նրանք ավելի մեծ մոտիվացիա են ցուցաբերում, քանի որ մենք Հայաստանի միակ թիմն ենք, որ հանդես է գալիս եվրագավաթներում: Դրա պատճառով մեր յուրաքանչյուր խաղ ավելի դժվար է, բայց միևնույն ժամանակ՝ ավելի հետաքրքիր: Բոլոր մրցակիցները ձգտում են ապացուցել, որ իրենք էլ արժանի են բարձր նպատակներ ունեցող ակումբում խաղալու: Դա բնական է:

Հույս ունեմ, որ հանդես կգանք հնարավորինս լավ, կգրանցենք լավ արդյունքներ և կմնանք Եվրոպայում որքան հնարավոր է երկար: Իհարկե, հաճելի կլինի նաև խփել մի քանի գոլ և կատարել գոլային փոխանցումներ:

«Ռիեկայի» հետ խաղում սպասում եմ կոշտ, դինամիկ և հետաքրքիր պայքարի, բնականաբար՝ մեր օգտին: Երկու ճակատով հանդես գալը հեշտ չէ. այն ֆիզիկապես և հոգեբանորեն ծանր է: «Ռիեկան» առաջնությունը չսկսեց այնպես, ինչպես սպասվում էր: Անցած մրցաշրջանի հաջողություններից հետո նրանց նշաձողը շատ բարձր է, և երկրպագուներն ու հետևորդները մեծ սպասելիքներ ունեն: Հուսով եմ, որ նրանք կվերադառնան Խորվաթիայի առաջնության առաջատար դիրքեր և կապացուցեն, որ մեծ ակումբ են, ինչպես միշտ եղել են:

Այդ ակումբում և քաղաքում անցկացրել եմ երկու հիանալի տարի: Իհարկե, այնտեղ շատ ընկերներ ունեմ: Էմոցիաներ կլինեն, դրանք արդեն առկա են, և դրանցից խուսափել հնարավոր չէ: Սակայն խաղի մեկնարկից հետո բոլորը պայքարում են իրենց ակումբի գույների և գերբի համար: Ինչպես յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ, ես նույնպես ձգտում եմ հնարավորինս լավ արդյունքի՝ մեր օգտին», – եզրափակեց Ալեն Գրգիչը:

armsport.am

Նորություններ