Շաքիի ջրվեժի տարածքում գենդեր-փարթի են կազմակերպել․ՇՄՆ-ն զգուշացնում է՝ արգելվում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն | Region

Շաքիի ջրվեժի տարածքում գենդեր-փարթի են կազմակերպել․ՇՄՆ-ն զգուշացնում է՝ արգելվում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն

Հոկտեմբեր 06,2025 13:45

Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ։

Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։

Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ ըստ որոնց՝

Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը,

Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։

Բացի այդ, խախտվել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարության 2018 թվականի մարտի 21-ի N 68-Ն հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն։

Ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար։

Հարգելի քաղաքացինե՛ր, հորդորում ենք պահպանել շրջակա միջավայրի պահպանության սահմանված օրենսդրական պահանջները և զերծ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել մեր երկրի բնական ժառանգությանը։

Նորություններ