Պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների տարածքում ցավալիորեն հաճախակի են դարձել վանդալիզմի դեպքերը․ հայտարարություն | Region

Պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների տարածքում ցավալիորեն հաճախակի են դարձել վանդալիզմի դեպքերը․ հայտարարություն

Հոկտեմբեր 06,2025 23:01
Վերջին շրջանում մեր հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների տարածքում  ցավալիորեն հաճախակի են դարձել վանդալիզմի դեպքերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ պահպանության ծառայությունից։
«Վնասում կամ ոչնչացնում են հուշարձաններին վերաբերող տեղեկատվական վահանակները, եկեղեցիների պատերին փորագրելով կամ ներկելով թողնում  անհասկանալի գրառումներ՝ խաթարելով հուշարձանի տեսքն ու վնաս հասցնելով հուշարձանին: Սրանք հուշարձանների տարածքում իրականացվող ապօրինություններ են, իրավախախտումներ, որոնք դատապարտելի են:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների աշխատակիցները պարբերաբար շրջայցեր են կատարում, մոնիտորինգ իրականացնում, արձանագրում  վանդալիզմի դեպքերը, բացատրական ու իրազեկման աշխատանքներ իրականացնում: Ցավոք, դրանք ոչ միշտ են ցանկալի արդյունք տալիս:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  հերթական անգամ  հորդորում է զերծ մնալ հուշարձաններին ու պատմական միջավայրին  վնաս հասցնելու գործողություններից: Դրանք հարիր չեն մեր մշակույթին ու ազգային արժեհամակարգին»,-նշվում է հաղորդգարության մեջ:

Նորություններ