Տոնակատարություն, անհանգստություն՝ Գազայում և Իսրայելում հրադադարի համաձայնագրից հետո․CNN
Իսրայելը և «Համաս»-ը հայտարարել են, որ պայմանավորվել են երկար սպասված հրադադարի և պատանդների գործարքի շուրջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու «Համաս»-ը (Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված) ստորագրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը:
Ըստ Թրամփի՝ ծրագիրը ներառում է «Համաս»-ի կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակումը և իսրայելական զորքերի դուրսբերումը համաձայնեցված գծի վրա։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ այսօր կառավարության նիստ է հրավիրելու, որպեսզի համաձայնագիրը հաստատեն։
Նեթանյահուն հայտարարել է, որ «ծրագրի առաջին փուլի հաստատմամբ մեր բոլոր պատանդները կվերադառնան տուն»։
CNN-ը գրում է, որ հրադադարի մասին լուրը Գազայում և Իսրայելում մարդիկ տոնակատարությամբ են ընդունել։
«Չնայած համաձայնությանը, ավերիչ պատերազմի երկու կողմերի բնակիչները մտահոգություն են հայտնում, որ համաձայնագիրը կարող է ձախողվել»,-գրում է լրատվամիջոցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չորեքշաբթի ուշ երեկոյան Եգիպտոսում բանակցողները համաձայնության են եկել՝ նշելով, որ Իսրայելը և Համասը ստորագրել են հրադադարի շրջանակի առաջին փուլը։
Կատարի վարչապետի խորհրդականը հայտարարել է, որ համաձայնագիրը «կհանգեցնի պատերազմի ավարտին, իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակմանը, ինչպես նաև մարդասիրական օգնության մուտքին»։
Այնուամենայնիվ, դեռևս հստակություն չկա հիմնական բարդ կետերի վերաբերյալ, այդ թվում՝ «Համաս»-ի զինաթափման, Գազայի ապագա կառավարման, ինչպես նաև ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ եթե այդպիսիք կան։
CNN-ը գրում է՝ Թել Ավիվի Պատանդների հրապարակում ցնծացող ամբոխ է հավաքվել՝ համաձայնագիրը նշելու համար, և շատերը ուրախ էին, որ «Համաս»-ի կողմից գերի վերցված պատանդները վերջապես կարող են տուն վերադառնալ։
Գազայում պաղեստինցիները, որոնք հավաքվել էին Յունիսի Նասեր հիվանդանոցի մոտ ևս ցնծությամբ ու ծափերով են ողջունել համաձայնագիրը՝ զգուշավոր հույս ունենալով, որ այն կդադարեցնի Իսրայելի կողմից պաշարված անկլավի վրա ավերիչ հարձակումը, որն այժմ ավերակների է վերածվել:
«Սրանք պահեր են, որոնք համարվում են պատմական պահեր, որոնց երկար են սպասել պաղեստինցի քաղաքացիները երկու տարվա սպանություններից և ցեղասպանությունից հետո»,-ասել է մի պաղեստինցի։
Նշենք, որ Գազայի իշխանությունները պնդում են, որ այս երկու տարիների ռազմական գործողությունների հետևանքով 67 հազարից ավելի մարդ է սպանվել։
Լուսանկարը՝ CNN-ի
