Հրաշք, որ ծնվեց ցավից ու պայքարից․ Դավիթի պատմությունը | Region

Հրաշք, որ ծնվեց ցավից ու պայքարից․ Դավիթի պատմությունը

Հոկտեմբեր 10,2025 17:30

Կյանքի ամենամեծ հրաշքը հաճախ ծնվում է ցավի ու պայքարի միջից։ Ճիշտ այդպիսին է Կարինեի ու նրա որդու՝ Դավիթի պատմությունը, որը մայր ու որդի հյուսել են համատեղ՝ ցավով և միևնույն ժամանակ հպարտությամբ։

Կարինեն սկսում է ծննդատնից. «Դավիթը լույս աշխարհ եկավ կեսարյան հատումով՝ առողջ, աշխույժ, նորմալ քաշով ու հասակով»։

Ամեն ինչ ընթանում էր իր բնական հունով, մինչև չորս ամսականում Դավիթի բարձր ջերմությունը։

«Երեք-չորս օր՝ 40 աստիճան էր։ Ձեռքերիս մեջ տարա հիվանդանոց, ասացին՝ շատ վատ է։ Հասկացրին, որ գրեթե անհույս է»։

Բայց հույս կար։ Եվ այդ օրվանից Կարինեն հավատում է, որ հույս միշտ կա, անգամ երբ ասում են՝ չկա։ Ամպոտ երկնքում ամեն պահի կարող է փայլել արևը։

«Դավիթը քայլեց ժամանակին, բայց չխոսեց։ Մեկ տարեկանում էլ նկատեցի, որ աչքերի կոնտակտ չկա, չի նայում ինձ»։ Ասում էին՝ նորմալ է, բայց մայրական սիրտը վկայում էր, որ Դավիթի մոտ ինչ-որ բան այն չէ։ Կարինեի մոտ տպավորություն էր, որ ջերմությունից հետո տղան փոխվել է։ Մանկապարտեզներում չէր մնում, չէր շփվում, չէր խաղում։ Կարինեն շարունակում էր փնտրել պատճառը, դռներ թակել, մինչև որ արդեն չորս տարեկանում դատավճռի պես հնչեց ծանր բառը՝ աուտիզմ։ «Խոսք չուներ։ Մենք հաղորդակցվում էինք առանց բառերի։ Կարևորը, որ ես հասկանում էի նրան»։

Նորից՝ անհույս իրավիճակից հետո եկավ հույսը, որին սպասում էր Կարինեն. հինգ ու կես տարեկանում նա սկսեց խոսել։ «Անկապ բառեր էին, նախադասություն չկար։ Բայց ես արցունքներով լացում էի՝ ուրախությունից»,— հիշում է նա։

Հետո եկան դպրոցական տարիները։ Կարինեն զգում էր՝ վեց տարեկանում որդին պատրաստ չէ, բայց որոշեց՝ նա պետք է գնա դպրոց. պարտադիր պետք է սովորի բոլորի հետ, ունենա ընկերներ։

«Շատ դժվար տարիներ էին, բայց ես նրա հետ էի։ Ուղիղ յոթ տարի դպրոց եմ գնացել նրա հետ, նստել նրա կողքին։ Երբ մաման կողքին էր, ոչ ոք չէր կարող ծաղրել նրան։ Դասարանը մեզ երկուսիս էլ սիրեց, ընդունեց»։

Բայց ամեն ինչ, ըստ Կարինեի, փոխվեց մեկ օրում, երբ չխոսող Դավիթը երգեց։

«Պատկերացնո՞ւմ եք՝ նա երգեց մեծ դահլիճում։ Երգեց մոր համար։ Երգեց մոր մասին։ Ամբողջ դահլիճը շրջվել էր՝ ինձ նայելու։ Իսկ ես չգիտեմ՝ որտեղ էի։ Ես սավառնում էի։ Բոլորը գիտեին՝ Դավիթը չի խոսում։ Բայց նա հանկարծ բարձր երգում էր մեծ դահլիճում»։ Բարձր ծափերը մինչ այժմ Կարինեի ականջներում են։ Կյանքի ամենաբարձր, ամենահպարտ ծափերն էին։ Այդ օրվանից բոլորը շատ սիրեցին ու ընդունեցին Դավթին։

Իսկ Դավիթը հանկարծ սկսեց խոսել՝ այն էլ երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ «Անգլերենն ամենալավը։ Այն ավելի հեշտ էր, Դավիթն ինքնուրույն սովորեց։ Իսկ առոգանությանը ուղղակի նախանձել կարելի է»,— պատմում է մայրը։

Տասնմեկ տարեկանում Դավիթն արդեն սովորում էր Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում։ Տաղանդավոր էր, պրպտող։

«Այդ արդյունքի համար մենք շատ ենք տանջվել։ Օրական չորս-հինգ կենտրոն էինք գնում։ Երբեմն նեղացնում էին, ասում էին՝ խանգարում ես։ Բայց ես համառորեն տանում էի։ Մտածում էի՝ ամեն տեղից մի պուճուր բան կվերցնի»։ Կյանքը չէր խնայում։ Տրանսպորտում, հերթերում, մարդկանց հայացքներն ու խայթող խոսքերը ցավեցնում էին Կարինեին, բայց նաև՝ կոփում։ «Սկզբում լուռ էի։ Հետո սկսեցի բարձրաձայն հարցնել՝ ի՞նչ կա, ինչի՞ եք այդպես նայում»։

Կարինեն լուռ, համառ իր կռիվն էր մղում։ Պատահում էին օրեր, երբ վաղ առավոտից դուրս էին գալիս, վերադառնում՝ շատ ուշ։ «Հրեշտակե թալիսմանը» կրծքին սեղմած կամ նրա ձեռքը բռնած՝ Կարինեն հաղթահարում էր բոլոր արգելքները, կոտրում բոլոր կարծրատիպերը, հույսի նոր դռներ բացում։

Իհարկե, լինում էին նաև լուռ ցավի ու տառապանքի, հուսահատության օրեր, երբ Կարինեն ուժասպառ էր լինում, մղկտում էր ցավից, հոգնում պայքարից։

Նա կորցրեց ամուսնուն, երբ Դավիթը դեռ երեք տարեկան էր։ Եվ Դավիթի կյանքի իրավունքի պայքարի ճակատամարտում երբեմն շատ մենակ ու անհույս էր լինում։

«Ամենացավոտը՝ այդ ծանր օրերին, փոխանակ օգնելու, շատերն իմ մտերիմներից խորհուրդ էին տալիս, ասում էին՝ հանձնիր։ Բայց ո՞ւմ հանձնեի՝ Դավթի՞ն։ Նրան հանձնելով՝ ես ինձ էի հանձնելու։ Չհանձնեցի և չհանձնվեցի… Ես հանձնեցի ու ջնջեցի այդ չար խորհուրդ տվողներին։ Այո՛, հուսահատվում էի, ուժերս հատնում էին, վհատվում էի, թուլանում, հիասթափվում ու հուսալքվում, բայց նաև հույս ու ուժ առնում նրանից՝ Դավթից։ Նա պայքարում էր, ու նրա պայքարից ավելի զորանում էր իմ պայքարը, մեր պայքարը…»։

Դպրոցական տարիներին Դավիթը անգիր արեց մաթեմատիկական աղյուսակը, սկսեց գերազանց լուծել հավասարումներ։ Տեսողական հիշողության շնորհիվ փայլուն գրելու էր թելադրությունները։ Կարինեն հասկանում էր՝ Դավիթից հանճար է ստեղծվում։ «Միստիկա կա նրա մեջ՝ թվերի միստիկա։ Հիմա եթե հարցնենք՝ 2026-ի հունիսի 20-ը ինչ՞ օր է, նա կասի։ Նա հաշվում է, չգիտեմ՝ ինչպես։ Ոչ մի մասնագետ դեռ այդ հարցի պատասխանը չունի։ Ինչպես նաև չունի այն պատասխանը, թե ինչպես ստացվեց, որ «անհույս» տղան սկսեց ապրել, ինքնասպասարկվել, երջանիկ ու ինքնաբավ լինել, երջանկացնել մորը»։

«Հիմա մենք հասել ենք նրան, որ քսանամյա իմ տղան ինքնուրույն կարող է գնալ դեղատուն՝ իմ համար դեղ բերել, խանութից գնումներ կատարել։ Դա մեր հաջողությունն է, պայքարի մեր պտուղը, որին մենք հասել ենք կյանքի գնով։ Դա հաջողություն չէ՞։ Հաջողություն է։ Նա նաև հրաշալի խոհարար է։ Սալաթ է կտրատում, խմորեղեն է թխում։ Երգում է, նվագում է։ Նա հիմա մեծ բեմերին է։ Երկու օր առաջ հրավիրել էին չինական պատվիրակությանը դիմավորելու՝ նա բեմում երգում էր։ Իսկ օրերս՝ սեպտեմբերի 21-ին, անկախության տոնի առթիվ էր հրավիրված՝ որպես երգիչ։ ՀՀ Առաջին տիկինը անձամբ հրավիրել է նրան, հանդիպել են, նկարվել։ Բոլորը շատ են սիրում ու կապվել են որդուս հետ։ Ու գիտե՞ք՝ հիմա ինչ են ասում մարդիկ. ասում են՝ եթե չեն վճարում, ինչո՞ւ ես նրան ուղարկում երգելու։ Այո՛, շատ սարսափելի են այդ մարդիկ։ Ես նրանց առաջվա պես չեմ լսում։ Ասում եմ՝ նրան տանում եմ երգելու, որովհետև նա հաճույք է ստանում, նա պահանջված է զգում, նա ուզում է երգել։ Եվ միայն այդքանը ինձ բավարարում է»։

Կան վայրկյաններ, րոպեներ, արժեքներ ու զգացմունքներ, որոնք երբեք չեն գնվում և չեն վաճառվում, ըստ տիկին Կարինեի։ Նա այսօր մի կարևոր խորհուրդ ունի հատուկ կարիք ունեցող երեխաների մայրիկներին՝ չլսել հասարակությանը, չհուսահատվել, շատ աշխատել և պայքարել։

«Ոչ մեկին մի հավատացեք, անգամ եթե ասում են՝ հույս չկա — էլի՛ հույս կա։ Եթե կենտրոն եք տանում մեկ կամ երեք ժամ, մի բավարարվեք. օրը 24 ժամ ունի։ Մնացած ժամերին ինքներդ աշխատեք։Դո՛ւք եք ձեր բալիկի ամենալավ բժիշկը։ Դուք ավելի լավ եք հասկանում ձեր երեխայի լեզուն ու մարմնի լեզուն։ Ես մի բան եմ հասկացել, որը կուզեմ ձեր հետ կիսվել․ մատների ծայրերը ուղիղ կապ ունեն ուղեղի խոսքային կենտրոնների հետ։ Ես փշեր էի հավաքում ու որդուս տալիս, որ առարկաներ պատրաստի։ Նրա մատները ծակվում էին, քրքրվում էին, բայց ես զգում էի, հավատում էի, որ դա կօգնի, և ինքը կխոսի։ Վեց տարեկանում դաշնամուր գնեցի, որ սկսի նվագել․․․ Եվ հավատացե՛ք՝ մատների աշխատանքը ստիպեց, որ նա թվաբանությունը ընկալի, խոսի ու խնդիրներ լուծի»։

Կարինեի խորհուրդն է՝ զինվել համբերությամբ, հույսով և երբեք չհանձնվել։ Այս կյանքում յուրաքանչյուրը պատերազմում է իր չափով։ Պետք է անցնել կռվի ճանապարհը՝ չհանձնվելով և արժանապատվորեն։ Երբեմն արևը ծագում է ամենաանսպասելի պահին, և իսկական հրաշքն էլ ծնվում է տառապանքից։

 

Այս պատմությունը պատրաստվել է Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում։

Նորություններ