Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման, նաև զրկվեց մայորի կոչումից

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանն այսօր Երեւանի քրեական դատարանի որոշմամբ դատապարտվեց 16 տարի ազատազրկման, նաև զրկվեց ԶՈւ մայորի զինվորական կոչումից:
Նա մեղավոր ճանաչվեց մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ (ՔՕ-ի 546-րդ հոդվածի 1-ին մաս եւ 549-րդ հոդված):
Պատժի սկիզբը կհաշվարկվի Իշխան Վահանյանին արգելանքի վերցնելու պահից՝ 2021թվականի մարտի 18-ից։ Այսինքն, նշանակված պատժին հաշվակցելով անազատության մեջ անցկացրած 4 տարի 1 ամիս 26 օրը՝ Վահանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 11 տարի 10 ամիս 4 օր։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդը հարձակվել էր Խուռհատ սարի վրա, որտեղ տեղակայված էր Ջրականի 5-րդ գումարտակը։ Ըստ վկայությունների՝ Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։