8 րոպեից պակաս տևած Լուվրից թագավորական զարդերի կողոպուտը գնահատվում է մոտ 102 միլիոն դոլար | Region

8 րոպեից պակաս տևած Լուվրից թագավորական զարդերի կողոպուտը գնահատվում է մոտ 102 միլիոն դոլար

Հոկտեմբեր 22,2025 12:32

Լուվրից գողացված  թագավորական զարդերի արժեքը գնահատվում է մոտ 88 միլիոն եվրո (102 միլիոն դոլար)։ Այս մասին հայտնել է Փարիզի դատախազը, նշելով, որ դրամական այս գնահատականը չի ներառում զարդերի պատմական արժեքը Ֆրանսիայի համար։

«Այս թանկարժեք քարերը գողացած հանցագործները չեն կարող վաստակել 88 միլիոն եվրո, եթե նրանք չունենան այդ թանկարժեք քարերը մասնատելու շատ վատ գաղափար», – ասել է դատախազը, համելելով․«Մենք, թերևս, կարող ենք հույս ունենալ, որ նրանք կմտածեն այս մասին և չեն ոչնչացնի այս թանկարժեք քարերը առանց որևէ պատճառաբանության»։

Ֆրանսիայի մշակույթի նախարարը հայտարարելէ, որ Լուվրում տեղադրված անվտանգության սարքավորումները կողոպուտի ժամանակ պատշաճ կերպով են աշխատել։

Կիրակի առավոտյան գողերը «վերելակ-զամբյուղով» բարձրացել են Լուվրի ճակատային մասով, կոտրել պատուհանը, կոտրել ցուցափեղկերը, գողացել անգին Նապոլեոնյան զարդերն ու փախչել։ Լուվրի անվտանգության վերաբերյալ հարցեր են առաջացել, և արդյոք անվտանգության տեսախցիկները կարող էին խափանվել։

Պատասխանատուները վստահեցնում են, որ թանգարանի տեսախցիկներն ու անվտանգության համակարգն աշխատել է։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը վստահեցրել է, որ թանգարանի տագնապային ազդանշանը միացել է, երբ կոտրվել է Ապոլլո պատկերասրահի պատուհանը։

Ըստ իրավապահների՝ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր են ժամանել երկու կամ երեք րոպե անց, երբ նրանց զանգահարել է դեպքի վայրի ականատեսը։

Պաշտոնյաները հայտնել են, որ կողոպուտը տևել է ընդհանուր առմամբ ութ րոպեից պակաս, այդ թվում՝ չորս րոպեից պակաս Լուվրի ներսում։

Կիրակի օրվա գողությունը կենտրոնացած էր ոսկեզօծ Ապոլլո պատկերասրահի վրա, որտեղ ցուցադրվում են Թագի ադամանդները։ Անվտանգության զանգերը հնչելուց հետո Լուվրի գործակալները նշված սենյակ են հասել՝ ստիպելով գողերին փախչել, բայց կողոպուտն արդեն ավարտվել էր։

Այս կողոպուտը ցավ է բոլորիս համար, որովհետև Լուվրը շատ ավելին է, քան պարզապես աշխարհի ամենամեծ թանգարանը։ Այն մեր ֆրանսիական մշակույթի և մեր ընդհանուր ժառանգության ցուցասրահն է, ասել են Ֆրանսիայի պաշտոնյաները։

 

Նորություններ