«Էֆենդիևայի վարքագծին ծանոթ եմ ոչ միայն Լաչինի միջանցքի շրջափակումից հետո, այլև՝ դրանից առաջ»․Նավասարդյանը մանրամասնում է, թե ինչ են քննարկել ադրբեջանցիների հետ աղմուկ հանած հանդիպմանը

Օրերս Երևանում կայացած Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպում-քննարկումը քննադատության առիթ դարձավ։ Ադրբեջանից Երևան այցելած ադրբեջանցիների խմբում էր նաև Դիլարա Էֆենդիևան։ Նա 2023 թվականին Արցախը Հայաստանին կապող Լաչինի ճանապարհն արգելափակողներից մեկն է, որը ներկայանում էր որպես «էկոակտիվիստ»։ Այս փաստը վրդովմունք է առաջացրել բազմաթիվ հայ քաղաքացիների շրջանում, շատերը նրա այցը Երևան համարում են սադրանք։ Սոցիալական ցանցերում բուռն քննարկում է սկսվել նման շփումների թույլատրելիության վերաբերյալ, երբ, ըստ քննադատների, կողմերից մեկը չի ցուցաբերում անկեղծ զղջում Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աղետի հանգեցրած իր գործողությունների համար։
Այդ հանդիպում-քննարկմանը մասնակցել է նաև քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը:
RegionsTV-ի հետ Բորիս Նավասարդյանն այս առնչությամբ նշեց՝ այո, խնդիր կա Էֆենդիևայի՝ խմբում մասնակցության հետ կապված: Նա ասաց, որ շատ լավ ծանոթ է Էֆենդիևայի վարքագծին ու գործողություններին, ինչպես նաև նրա դերակատարությանը բոլոր գործընթացներում, որոնք տեղի են ունեցել ոչ միայն Լաչինի միջանցքի շրջափակումից հետո, այլև՝ դրանից առաջ։
«Նա խաղաղության քաղաքացիական հարթակների հիմնադիրներից մեկն էր, մասնավորապես՝ 2019-ին և այս տարի Երևանի մամուլի ակումբի կողմից հրապարակված մեր ուսումնասիրություններում: Մենք այս հարթակների գործողությունները բնութագրում ենք որպես խաղաղապահ գործունեության իմիտացիա: Իհարկե, մեր ադրբեջանցի գործընկերների ընտրությունն է, թե որ խմբին են ցանկանում մասնակցել, բայց մեր տվյալներում անպայման պետք է հաշվի առնեն, թե ով ինչ է արել նախորդ տարիներին, քանի որ սա փոխադարձ վստահության հարց է: Իհարկե, մենք հասկանում ենք, որ մարդիկ կարող են փոխվել, դիրքորոշումները կարող են փոխվել, բայց դա, իհարկե, չի չեղարկում այն, ինչ նրանք արել են նախկինում»,-ասաց վերլուծաբանը:

Բորիս Նավասարդյան
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-22-ը Երևանում տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան՝ Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ։ Յուրաքանչյուր կողմից մասնակցեցին հինգական մասնակից։ Հայկական կողմից կլոր սեղանին մասնակցում էին Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը։ Ադրբեջանական կողմից՝ Ֆարհադ Մամեդովը, Ռամիլ Իսկանդերլին, Ռուսիֆ Հուսեյնովը, Կամալա Մամեդովան և Դիլարա Էֆենդիևան։
Բորիս Նավասարդյանն ասաց, որ Ֆարհադ Մամեդովին և Ռուսիֆ Հուսեյնովին այդ հանդիպումից առաջ էլ անձամբ ճանաչել է, ճանաչել է նաև լրագրող Կամալա Մամեդովային և Դիլարա Էֆենդիևային, բայց հինգերորդ գործընկերոջ հետ երբեք չի հանդիպել՝ ո՛չ անձամբ, ո՛չ էլ հեռակա։
Թե ինչպես է ընթացել այդ քննարկումը, Նավասարդյանն ասաց՝ շատ բովանդակալից և կոնկրետ, կողմերը, ինչպես նշեց վերլուծաբանը, «հիմնականում միմյանց ասել են այն ամենը, ինչ ուզում էին ասել»։
Հանդիպումն, ինչպես ներկայացրեց Նավասարդյանը, անցել է բավականին արդյունավետ և հաճելի մթնոլորտում, կողմերի վերաբերմունքը բավականին հարգալից և կառուցողական էր․«Այս հանդիպման հիմնական նպատակն է փոխանակել միմյանց ուղղված մեր ուղերձները և փորձել մեր երկրների ղեկավարներին փոխանցել հարաբերությունների կարգավորման գործընթացի համար օգտակար լուծումներ։ Կարծում եմ՝ այս խնդիրը կլուծվի»։
Նա նաև հավելեց, որ Երևան այցի մասին ադրբեջանական խումբը, ենթադրվում է, որ տեղեկացվել է հանդիպումից առնվազն մի քանի օր առաջ, հայկական կոմղը նույնպես այս հանդիպման մասին տեղեկացել է անցյալ շաբաթ։
Նրա վստահեցմամբ՝ հանդիպմանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցերի ողջ շրջանակըч խաղաղության պայմանագրի արագ ստորագրման հեռանկարը, հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունավետ աշխատանքը, տարբեր մարդասիրական հարցեր, այդ թվում՝ անհետ կորած անձանց, գերեվարված անձանց, սահամանակից գյուղերի և տարածքների բնակիչների միջև սահմանային փոխազդեցության և սահմանի արագ սահմանազատման հարցեր։
«Գիտեք, Ադրբեջանում շատ տարբեր դիրքորոշումներ կան հայ ռազմագերիների նկատմամբ, և նրանց նկատմամբ, ում նրանք համարում են Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարներ: Նրանք տարբերակում են այդ մարդկանց, և, համապատասխանաբար, նրանց ազատ արձակման հեռանկարները տարբեր են: Բայց ամենակարևորը, իմ հայ գործընկերների դիրքորոշումը կփոխանցվի Բաքվում որոշումներ կայացնողներին: Հուսով եմ, որ այս ուղղությամբ մեր ջանքերն կամրապնդվեն նաև մեր իշխանությունների գործողություններով»,-նշեց Նավասարդյանը:
Հայաստանում քննադատության ալիք բարձրացավ նաև այն բանի համար, որ ադրբեջանական խմբին ներկայացնում են որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Նշվում է, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության իրական ներկայացուցիչները բանտերում են, Ադրբեջանում չկա խոսքի ազատություն, հետևաբար չկա նաև անկախ քաղաքացիական հասարակություն։ «Դրանում որոշակի ճշմարտություն կա»,-ասաց Բորիս Նավասարդյանը։
Նա, հղում անելով Երևանի մամուլի ակումբի հետազոտությանը, նշեց, որ վերլուծում են այն կազմակերպությունների կարողությունները, որոնք իրենց նույնականացնում են որպես քաղաքացիական հասարակություն Հայաստանում և Ադրբեջանում՝ խաղաղության գործընթաց սկսելու համար․«Այնուամենայնիվ, Ադրբեջանի դեպքում որքան էլ դժվար լինի, կարծում եմ, որ այս փուլում շատ կարևոր է, որպեսզի լինեն մարդիկ, ովքեր ունակ են նորմալ զրույց վարել և այդ զրույցի էությունը փոխանցել իրենց երկրում որոշում կայացնողներին: Այսօր դժվար է ավելին խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքացիական դիվանագիտության մակարդակով հարաբերություններում: Բայց կարելի է հույս ունենալ, որ այս սկիզբը մեզ թույլ կտա նաև բացահայտել Ադրբեջանում այն անհատներին և կազմակերպություններին, ովքեր իսկապես կարող են նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը»։
Նավասարդյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում շատ կարևոր գործոն է քաղաքացիական հասարակության մասնակցությունը․ «Անկախ այս կոնկրետ նախաձեռնությունից, որի շրջանակներում Ադրբեջանից Հայաստան են եկել մեր գործընկերները և մասնակից է նաև Երևանի մամուլի ակումբը, ես անձամբ ներգրավված եմ այլ նախաձեռնություններում էլ։ Բնականաբար, մենք կշարունակենք աշխատել այս մյուս նախաձեռնությունների վրա, ինչպես արել ենք գրեթե 30 տարի։ Ինչ վերաբերում է այս կոնկրետ հանդիպման ձևաչափի շարունակականությանը, հուսով եմ, որ որքան շատ լինեն նման ձևաչափերը, այնքան մեծ կլինի դրանցից մեկում արդյունավետության հասնելու հնարավորությունը։ Հետևաբար, վստահ եմ, որ ներկայացուցիչների միջև շփումները՝ ես այն կանվանեի փորձագիտական համայնք, քան քաղաքացիական հասարակություն, մի օր կշարունակվեն»։
Զաբելա Ավագյան