«Ես հալածված, ստորացված կերպար եմ իմ եկեղեցական վերադասի կողմից». կարգալույծ քահանան չի ընդունում իր մասին որոշումն ու հրաժարվում է «հանձնել» Հովհաննավանքը | Region

«Ես հալածված, ստորացված կերպար եմ իմ եկեղեցական վերադասի կողմից». կարգալույծ քահանան չի ընդունում իր մասին որոշումն ու հրաժարվում է «հանձնել» Հովհաննավանքը

Հոկտեմբեր 23,2025 22:59

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող կարգալույծ եղած քահանա Տեր Արամը, որն այժմ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյան է, այսօր է կրկնել է 2020-ին արած իր աղմկահարույց հայտարարությունը։

«Ես հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում և սխալ չեմ համարում։ Դուք կարծում եք, որ Կադիրովը բռնապե՞տ է, այդ նույն բանը Չեչնիայում կարո՞ղ եք հայտարարել»,- Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցու բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կարգալույծ քահանան, երբ նրան հիշեցրել են տարիներ առաջ ասած խոսքերը:

«Տարիներ առաջ ես որևէ իրի կամ առարկայի մասին հնարավոր էր, որ այլ պատկերացում ունենայի, բայց թույլ տվեք ասեմ, որ ես մեծացել եմ, զարգացում է որոշակի տեղի ունեցել, հետընթաց, թե առաջընթաց, դրա մասին ես չէ, որ պետք է վկայեմ․․․ Ես հալածված կերպար եմ, ստորացված կերպար եմ իմ եկեղեցական վերադասի կողմից ու որոշել եմ սրա մասին այլևս չլռել ու ամեն ինչ ասել»,-ասել է Ստեփան Ասատրյանը։

Այսօր Հովհաննավանքում իրավիճակը լարված էր, նախկինում՝ Տեր Արամ, այժմ աշխարհիկ անունով կարգալույծ հռչակված քահանան այսօր եկեղեցում որոշել էր պսակադրության արարողություն անել։ Սակայն Մայր Աթոռի պատվիրակները կարգալույծ եղած քահանային ներկայացրել են կարգալույծ լինելու փաստաթուղթը եւ պահանջել ծես չիրականացնել։ Ստեփան Աստարյանը հրաժարվել է ենթարկվել․« Չեմ ընդունում էդ ծանուցագիրը, չեմ ընդունում … չենք հանձնում»։

Նա եկեղեցու բակում հայտարարել է․«Կարգալույծ էղած կաթողիկոսը ինձ չի կարա կարգալույծ անի»։

Արագածոտնի թեմի մի քանի հոգևորականներ էլ էին ժամանել «դեպքի վայր»։ Երբ նրան կրկին հիշեցրել էին, որ կարգալույծ է եղել, չի կարող եկեղեցում ծես անել, Ստեփան Ասատրյանը՝ նախկին Տեր Արամը հայտարարեց․«Կաթողիկոսը չի կարա կին ու էրեխեք ունենա, նկարները ունեմ, ապրելու տեղը ունեմ, դե կտենաս»։

Նրան աջակցելու էին եկել մի խումբ քաղաքացիներ, որոնք թույլ չէին տալիս լրագրողներին տեսանկարահանել, ավելի կոնկրետ՝ ագրեսիվորեն խոչըդոտում էին լրագրողների աշխատանքը։

Կարգալույծ քահանայի աջակիցներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի բարձրախոսը հրեց, ասում էր՝ «մի՛ նկարեք ինձ»։ Եկեղեցու բակում հաաքվածներից մեկը հայհոյել է մեկ այլ լրագրողի։

Ի վերջո պսակադրությունը Տեր Սարգիսն է կատարել, քանի որ իրավիճակի լարվելուց հետո, փեսայի հայրը հրաժարվել է, որպեսզի պսակադրությունը կատարի Տեր Արամը։

Հետո Ստեփան Ասատրյանը, որը հոգևորականի հագուստով էր, լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է․«Չեմ պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, պատրաստվում եմ շարունակել իմ քահանայւթյունը: Ուզում եմ շեշտել՝ քահանայությունը, որովհետև մինչև ինձ կարգալույծ անելը, եթե եկեղեցում օրենքը գործում է, հոգևոր կյանքում շատ անօրինություն գործածները պետք է կարգաալույծ լինեին: Եթե ես տեսնեյի, որ Աստծո նկատմամբ ուխտը դրժելուց հետո մարդիկ չեն շարունակում քահանայություն անել, միգուցե ես էլ իմ փարաջան կհանեի, ու եկեղեցուց դուրս կգայի»։

Նրա խոսքով՝ այսօր բազմաթիվ են քահանաները, ովքեր խախտել են իրենց ուխտը Աստծո հետ, բայց դեռևս շարունակում են իրենց սպասավորությունը: Անդրադառնալով իր հետ կապված խնդրին, նշեց, որ պարզապես ըմբոստացել է եկեղեցում տեղ գտած վատ երևույթների դեմ․«Թեմի առաջնորդը դեռ ամիսներ առաջ ինձ ասում էր, որ դու չես կարող քահանա լինել, դու գրավոր նկատողություններ ունես ստացած»:

Իր մասին 3-րդ դեմքով էր խոսում․«Մեկ տարի Տեր Արամը հալածվել է իր վերադասի կողմից: Ուզում եմ արձանագրեք՝ ես հալածված կերպար եմ, ես ստորացված կերպար եմ իմ եկեղեցական վերադասի կողմից: Հիմա ես հարց ունեմ՝ երեխա մկրտելու համար, փոքրիկ երեխային Ավետարան տալու համար քահանան չի՞ կարող քահանայություն անել, բայց կուսակրոնության ուխտը ընդունած և սիրուհիներ ունեցող, կին, երեխաներ ունեցողը կարո՞ղ է հաղորդություն տալ»:

Լրագրողի հարցին՝ որքանո՞վ ընդունելի, որ քահանա է օծվել հենց այն մարդկանց ձեռնադրմամբ, ում հասցեին այսօր մեղադրանքներ է հնչեցնում, վերջինս պատասխանեց.«Ես 2009 թվականին ընդունվել եմ ճեմարան, բոլոր քննությունները ինքս եմ տվել, ես ինքս եմ զբաղվել իմ զարգացմամբ: Այո, ես իրենց ձեռքով եմ ձեռնադրվել, բայց վերջապես ինձ կանչողը եղել են ոչ թե իրենք, այլ Աստված: Յուրաքանչյուր քահանայի քահանայության կանչողը Աստված է, ու այս իմաստով ես հենց Աստծո քահանան եմ, ոչ թե մարդու»:

Աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանը նախատեսում է կիրակի օրը պատարագ անցկացնել, Փաշինյանն էլ մասնակցելու է, խոստացել է․ «Տեր Արամի ձեռքից հաղորդություն ընդունել»։ Արդյոք մտահոգություն չունի, որ այդ օրը բախումներ լինեն եկեղեցում իր աջակիցների և դեմ քաղաքացիների միջև, նա նա պատասխանեց.«Ճիշտն ասած չեմ անհանգստանում: Մարդկանց կարծիքները կարող են տարբեր լինել, բայց այն հասարակությունը, որը պաշտպանում է Հայ առաքելական եկեղեցին չի կարող լինել հայհոյող: Մենք պետք է վերջ դնենք կեղծիքին: Մենք կպաշտպանենք եկեղեցին այն մարդկանցից, ովքեր ցանկություն չունեն ապաշխարհելու, և մտածում են , թե իրենք են եկեղեցին»:

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ