«Խաղաղությունը պետք է դառնա մարդու համակեցության հիմնասյունը»․ Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 80-ամյակի միջոցառմանը։ Իր ելույթում փոխվարչապետը շեշտել է կազմակերպության առանցքային դերը խաղաղության, զարգացման, մարդու իրավունքների ամրապնդման հարցում։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարել ՄԱԿ–ՀՀ արդյունավետ համագործակցությանը և Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կարևորությանը։
«Տասնամյակներ առաջ անցնելով պատերազմի ու մարդկային ողբերգության արհավիրքի միջով՝ աշխարհը միավորվեց ամուր համոզմամբ, որ խաղաղությունը, համագործակցությունը, զարգացումը և մարդու իրավունքները պետք է դառնան մարդու համակեցության հիմնասյուները։ Այսպես ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, որի գոյության 8 տասնամյակները նշանավորվել են միջազգային խաղաղության ապահովման, աղքատության վերացման, կանանց և խոցելի խմբերի առաջխաղացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման ոլորտներում բազմաթիվ հաջողություններով։
1992 թվականին ՄԱԿ-ին անդամակցելուց ի վեր՝ Հայաստանը մշտապես հանդես է եկել որպես պատասխանատու գործընկեր։ 2026 թ․ հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ նպաստելով միջազգային համագործակցությանը՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի համաշխարհային մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու նպատակով։
Մենք բարձր ենք գնահատում ծրագրային համագործակցությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ, որը մեծ նպաստ է բերել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, մարդու իրավունքների ապահովմանը, Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, փախստականների ու այլ խոցելի խմբերի պաշտպանությանը»։
