ԵՄ-ն կարևորում է Արցախի հայերի վերադարձի համար պայմանների ստեղծումն ու իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է աշխարհի տարբեր կետերում մարդու իրավունքների իրավիճակին, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտմանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԵՄ-ն ընդգծում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղության հաստատմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին իրենց հանձնառության համաձայն:
ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Բրյուսելի կարգավորման գործընթացի միջոցով այդ նպատակին ուղղված ջանքերը դյուրացնելուն և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել գործընթացում:
ԵՄ-ն հավասարապես ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև փախստականների և տեղահանվածների՝ Լեռնային Ղարաբաղ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը, մասնավորապես, իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության:
Բացի այդ, տեղի բնակչության մշակութային ժառանգությունը և սեփականության իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն և երաշխավորվեն: Բացի այդ, չափազանց կարևոր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների լիարժեք կատարումը»: