Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր | Region

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր

Հոկտեմբեր 31,2025 17:42
Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում են Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները:
Ծանրամարտի ֆեդերացիայի տեղեկացնում են, որ 79 կգ քաշային ծանրորդների մրցման պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը հաջորդաբար բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժության առաջին մոտեցմամբ` բարձրացնելով 185 կգ, Մկրտչյանը սահմանեց երկամարտի Եվրոպայի ռեկորդ: Այս վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց նաև 188 կգ: Այս ձևում նա երկրորդն է: Երկամարտի 338 կգ արդյունքով` Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է:
79 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցություն ունեցավ: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 175 կգ, 182 կգ: Այս ձևում Պողոսյանը 3-րդն է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տիգրան Կարապետյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, իսկ ծանրորդ Նարեկ Գրիգորյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն, Գոռ Սահակյանը՝ բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք՝ կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երկամարտի 214 կգ արդյունքով (91+123 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ նա բարձրացրել է 85 կգ, 89 կգ, 91 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել է 112 կգ, 116 կգ, 123 կգ կշռող ծանրաձողերը: Առանձին վարժություններում ևս Գրիգորյանն արժանացել է ոսկե մեդալներին:
60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը չեմպիոնի կոչմանն արժանացել էր երկամարտի 267 կգ (120+147 կգ) արդյունքով: Առանձին վարժություններում ևս Չոլակյանը ոսկե մեդալներ է նվաճել: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել է նախ 115, ապա 120 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրել է 140 կգ, 145 կգ ու 147 կգ կշռող ծանրաձողերը:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել էր 115 կգ կշռող ծանրաձողն ու արծաթե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Խուդանյանը բարձրացրել է միայն 135 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի 250 կգ արդյունքով Խուդանյանը Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:

Նորություններ