Ինչո՞ւ է մարզերի երիտասարդների մեծ մասն իր ապագան կապում միայն մայրաքաղաքի հետ
Հայաստանի բոլոր մարզերից երիտասարդների միգրացիայի միտումը դեպի մայրաքաղաք շարունակվում է։
Regions TV-ի հետ զրույցում, անդրադառնալով ներքին արտագաղթի թեմային, էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանը նշեց, որ դա հիմնականում կապված է տարածքային անհամաչափ զարգացման հետ։

Արտաշես Բոյաջյան
«Ֆինանսական ռեսուրսների հիմնական մասը կենտրոնացած է Երևան քաղաքում, բացի դրանից, այնտեղ աշխատավարձերի չափը երկու անգամ բարձր է։ Բնականաբար, երիտասարդները ձգտում են մայրաքաղաքում աշխատանք փնտրել մարզերի ցածր եկամտաբերության պատճառով, քանի որ բոլոր եկամուտները մարզերից հոսում են դեպի Երևան։ Աստեղ երկու գործոն կա՝ եկամտի հետ կապված, և այն, որ երիտասարդները չեն կարողանում մարզերում կայանալ։ Երիտասարդի համար խնդիր է աշխատանք ունենալը, խնդիր է ընտանիք կազմելն ու բնակարանով ապահովված լինելը․ այս բոլոր երեք հարցերի առումով անորոշ վիճակում են գտնվում։ Կրթական համակարգն էլ նպաստում է ուշ ամուսնություններին, բացի դրանից, գովազդը և տեղեկատվական միջավայրը ազդում են երիտասարդների հոգեբանության վրա՝ առաջացնելով անորոշություն սեփական բնակավայրի հանդեպ»,- ընդգծեց էթնոաշխարհագետը։
Ըստ մասնագետի, խնդրի խորքում կա նաև քաղաքական բաղադրիչ։ Քաղաքականությունը տարիներ շարունակ կենտրոնացած է եղել մայրաքաղաքի վրա՝ նպատակ ունենալով վերահսկել ֆինանսական հոսքերը։ Արդյունքում, մարզային համայնքները մնում են ուշադրությունից դուրս, իսկ երիտասարդությունն առանց զարգացման հարթակի։
«Իշխանությունները վարում են կենտրոնացված քաղաքականություն, եթե նայենք իրենց ընդունած որոշումներին, լավն են, բայց դրանք միայն թղթերի վրա են մնում։ Իրենք ուզում են ֆինանսական ռեսուրսների վրա վերահսկողություն հաստատել, բնականաբար, մայրաքաղաքում դա հնարավոր է իրականացնել, ինչը չէի ասի մարզերի մասին, մարզերում ավելի բարդ է»,- շարունակեց Արտաշես Բոյաջյանը։

Սեյրան Մարտիրոսյան
Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը Regions TV-ի հետ զրույցում հայտնեց, որ հարցումներ են իրականացրել Շիրակի մարզի հյուսիսային համայնքներից մեկի դպրոցականների շրջանում․ պարզվում է՝ նրանց մեծ մասը, դպրոցն ավարտելուց հետո, կրթությունը շարունակելու է Երևանում։
«Երբ հարցումներ էինք իրականացնում դպրոցականների շրջանում, պարզվեց, որ նրանց մեծ մասը որոշել է կրթությունը շարունակել մայրքաղաքում, իսկ այն հարցին, թե հետ վերադառնալո՞ւ են հայրենի բնակավայր, գերակշռող պատասխանն էր՝ ոչ։ Նախ պետք է սկսվի կրթական ոլորտից, որովհետև դպրոցներում ուսուցիչների պահանջ կա, եղած ուսուցիչներից բոլորը չեն, որ համապատասխանում են ժամանակակից կրթության պահանջներին, հատկապես նոր «թվային սերնդի» դեպքում։ Մանկավարժական ԲՈՒՀ-երը չեն պատրաստում այդ նոր մասնագետներին, չկա այդ ուղղորդվածությունը, արդյունքում, տուժում են գյուղական համայնքների երիտասարդները, որոնք մնում են առանց ուսուցիչների կամ «յոլա տանող» ուսուցիչներով, բնականաբար, յուրաքանչյուր ծնող, որի համար իր երեխայի ուսում ստանալը գերխնդիր է, ձգտում է հնարավորինս շուտ իր երեխային տեղափոխել այնտեղ, որտեղ կա այդ հնարավորությունը»,- նշեց Սեյրան Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ եթե կրթական ոլորտի ռազմավարությունը ճիշտ կիրառվի, ամենալավ պատրաստված մասնագետներին ապակենտրոնացված ուղղորդեն դեպի ծայրամասային համայնքներ, արտագաղթն էլ կնվազի։
Մարզային համայնքների սահմանափակ հնարավորությունները, կենտրոնացված քաղաքականությունը և կրթական հնացած մեթոդները երիտասարդներին ստիպում են իրենց ապագան կապել մայրաքաղաքի հետ։ Իսկ շարունակվող ներքին միգրացիան երկիրը ժողովրդագրական լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում։
Տիրուն Մարգարյան
