Փաշինյանը մանրամասնում է, թե մեկուսարանում ինչ են խոսել Կարեն Կարապետյանի հետ | Region

Փաշինյանը մանրամասնում է, թե մեկուսարանում ինչ են խոսել Կարեն Կարապետյանի հետ

Նոյեմբեր 12,2025 13:58

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց հեղափոխության օրերին ստացած առաջարկների մասին։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ Փաշինյանին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոն, ինչին ինքը չի համաձայնել։

Հարցին՝ այդ օրերին իրեն փոխվարչապետի պաշտոն առաջարկե՞լ են, Փաշինյանը պատասխանեց․«Ոչ միայն փոխվարչապետի հետ կապված, այլ ընդհանրապես որևէ պաշտոնի մասին ոչ մի նման ակնարկ ու խոսակցություն չի եղել։ Չգիտեմ՝ իրենք նման բան քննարկե՞լ են, թե՞ ոչ, բայց ես թույլ չէի տա, որ նման խոսակցություն լինի»։

Փաշինյանը պատմեց, որ այն ժամանակվա փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ մեկուսարանում հանդիպել են, խոսել է Սերժ Սարգսյանի անունից․« Կարեն Կարապետյանը, ըստ էության, ակնարկել է ուղիղ չի ասել, բայց ակնարկել է ենթատեքստերով, եթե ինքը հերքի, ես դա կհասկանամ, որովհետև ուղիղ չի եղել խոսակցությունը, եղել է ենթատեքստերով, որ իրենք ինձ ազատեն, մեզ ազատեն և հեղափոխությունը, այսպես ասած, դուրս գա օրակարգից և ինչ-որ ձևով Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու ստանձնի իշխանությունը։ Ես ասել եմ՝ դա ընդունելի չի ինձ համար և Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, որից հետո Կարեն Կարապետյանը գնացել է։ Վերադառնալով նա ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո։ Ինքը ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը ընդունի, որից հետո հրաժարական տա։ Ես ասել եմ՝ դա անընդունելի է, ես չեմ ընդունի այդ տարբերակը։

Դրանից հետո գնացել է, ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ խոսում էր ինչ-որ մեկի հետ, չգիտեմ ում հետ էր խոսում, որից հետո վերադարձել է, և ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարակալ տալ հունիսին։ Ես ասել եմ՝ դա ընդունելի տարբերակ չի և Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը, որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է՝ ընդունելի է այդ պայմանը։ Սա է եղել մեր խոսակցությունը մեկուսարանում Կարեն Կարապետյանի հետ»։

Անդրադառնալով այդ օրերին դեսպանների հետ հանդիպման մասին հայտարարություններին, Փաշինյանն ասաց․«Ես հեղափոխության ժամանակ դեսպանների հետ հատուկ հանդիպում եմ արել։ Իրենք հանդիպում են ուզել ինձնից, որի նպատակը եղել այն, որ ինձ ասել են՝ մենք կարող ենք աջակցել։ Ես ասել եմ՝ անընդունելի է ինձ համար։ Ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիքը չունեմ, որպեսզի ՀՀ–ում մեր քաղաքական օրակարգը առաջ մղեմ։ Այսինքն ցանկացած թեմա, որ ինչ–որ մի դեսպանի միջոցով ինչ–որ մի առաջարկ է արվել, դա ի սկզբանե սուտ է»։

 

Նորություններ