«Երկաթուղին կկրկնի ԽՍՀՄ շրջանի երթուղի։ Ներկայումս պարզ չէ՝ արդյոք գազատարը և Էլեկտրահաղորդման գծերը կմնան Սյունիքում, թե կանցնեն Վայոց ձորով»․Փաշինյանը՝ TRIPP-ի մասին
«Թրամփի ուղու» կառուցումը կմեկնարկի 2026 թվականի երկրորդ կեսին։ Բոլոր մանրամասները պետք է քննարկվեն մինչև այս տարվա վերջ, ամբողջ ծրագիրը պետք է թղթի վրա ներկայացվի տարվա առաջին կեսին, իսկ շինարարությունը նախատեսվում է սկսել տարվա երկրորդ կեսին։ Այս մասին այսօր խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես դեռ ոչինչ չէի ուզում ասել, քանի որ նման ծրագրերը միշտ շեղվում են ժամանակացույցից», – ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ԱՄՆ նախագաի թիմն էլ ծանրաբեռնված է, ինչը ևս ենթադրում է ժամանակցույցից շեղում։
Այդուհանդերձ, ըստ Փաշինյանը, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ժամկետները պահպանվեն։
Փաշինյանի վստահեցմամբ՝ երկաթուղին կկրկնի խորհրդային ժամանակաշրջանի երկաթուղու երթուղին, քանի որ այլ երթուղին անիրատեսական կլիներ․ «Գազատարը կանցնի էապես հյուսիսային հատվածով։ Էլեկտրահաղորդման գծերը նույնպես կանցնեն էապես հյուսիսային հատվածով։ Ներկայումս պարզ չէ, թե արդյոք գազատարը և Էլեկտրահաղորդման գծերը կմնան Սյունիքում, թե կանցնեն Վայոց ձորի մարզով։ Քարտեզի վրա ամեն ինչ հարթ է, բայց ռելիեֆը թելադրում է իր պահանջները, պարզաբանել է Փաշինյանը։ «Արևելք-Արևմուտք» ճանապարհները կինտեգրվեն «Հյուսիս-Հարավ» նախագծին։ Տարբերակները դեռ քննարկվում են։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես է կառուցվելու խողովակաշարը, դրա ճակատագիրը մեծապես կախված կլինի նավթի գներից»։
Ինչ վերաբերում է Բաքվի հայտարարություններին, թե՝ ճանապարհը գործելու է Ադրբեջանի համար բարենպաստ պայմաններով, ապա Փաշինյանն ասաց՝ Հայաստանը չի ասում, որ Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պիտի գործի, կողմերը փաստաթուղթ են ստորագրել ընդունելի պայմանների մասին։
Փաշինյանը կրկին հիշեցրեց՝ ուղին գործելու է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, փոխադարձության, սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա»։
