Խնդրում ենք` հաղթեք պորտուգալացիներին. հունգարացիների նամակը հայերին
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Պորտուգալիա – Հայաստան հանդիպումից առաջ հունգարացի երկրպագուները ArmSport.am-ի միջոցով բաց նամակով դիմել են Հայաստանի ազգային հավաքականին և հայ ժողովրդին։
«Բաց նամակ մեր բարեկամ հայերին։
Սիրելի հայեր, խոնարհությամբ, հույսով և մի փոքր հուսահատությամբ ԱԱ 2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին տուրից առաջ դիմում ենք ձեզ։ Գիտենք, որ ձեզ համար այս խաղը այլևս վճռորոշ չէ, իսկ մեզ համար՝ ամեն ինչ է։ Դա մեր երկրի 40 տարվա սպասումի, արցունքների և ամբողջ ժողովրդի երազանքի մասին է։
Խնդրում ենք ձեզ՝ հաղթեք Պորտուգալիային։ Շատ բան չենք խնդրում, պարզապես հաղթեք՝ ցանկացած գնով։
Խոստանում ենք, որ եթե ձեր օգնությամբ կարողանանք հասնել աշխարհի առաջնություն՝
- մեր սրտում ու հոգում միշտ կկրենք Հայաստանի դրոշը,
- եթե դառնանք աշխարհի չեմպիոն, ձեզ կհանձնենք մեդալներ՝ առանց բացառության բոլորին, եթե նման հնարավորություն լինի,
- մեզ մոտ միշտ կունենաք հյուրասիրություն՝ գուլյաշ, գինեգործական ըմպելիքներ, առողջարաններ, կոլբասի փառատոն, ինչ ցանկանաք,
- և եթե երբևէ ձեզ օգնություն պետք լինի, պատրաստ ենք խաղադաշտում ցանկացածին «ջարդել» ձեզ համար։
Հարգանքներով՝ հունգարացի երկրպագուներ, որոնք այնքան են հավատում ձեզ, որ իրենց վերջին հույսը դրել են ձեր վրա», — ասված է նամակում։
Նշենք, որ վերջին տուրում, եթե Հայաստանի ընտրանին արտագնա խաղում կարողանա հաղթել Պորտուգալիայի հավաքականին, իսկ Հունգարիան զուգահեռ ընթացող խաղում հաղթի Իռլանդիային, ապա հունգարացիները միանգամից կվորակավորվեն ԱԱ-2026-ին։ Վերջին անգամ Հունգարիան աշխարհի առաջնությանը մասնակցել է հեռավոր 1986 թվականին։
Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Պորտուի «Դրագաո» մարզադաշտում, Երևանի ժամանակով 18:00-ին։
