«Ցավալի պարտություն էր․ առայժմ պատրաստ չենք թոփ թիմերի դեմ մրցակցելու»․ Եղիշե Մելիքյան | Region

«Ցավալի պարտություն էր․ առայժմ պատրաստ չենք թոփ թիմերի դեմ մրցակցելու»․ Եղիշե Մելիքյան

Նոյեմբեր 16,2025 21:23

«Ցավալի պարտություն էր, պետք է հասկանանք, որ առայժմ պատրաստ չենք թոփ թիմերի դեմ մրցակցելու։ Նոր ենք սկսել ճանապարհը, երիտասարդ թիմ ենք, ինչն էլ երևաց այսօր։ Կարծում եմ՝ նման խաղերից հետո կդառնանք ավելի ուժեղ և փորձառու»,-այս մասին այսօր Պորտուում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ մեկնաբանելով Պորտուգալիայից կրած 1:9 հաշվով պարտությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում։

«Չեմ կարծում, թե մեր նման խաղի պատճառը եղանակային պայմաններն էին։ Խաղի առաջին 30 րոպեին, երբ հաշիվը 1:1 էր, մենք գիտեինք, որ պլանը աշխատում է երկրորդ համարով խաղում էինք։ Կարծում եմ՝ ձախողվեցինք, 2-րդ, 3-րդ գոլերը բաց թողեցինք, չէինք սպասում այդպիսի սխալներ։ Դա կապում եմ հոգեբանության հետ։ Կարծում եմ՝ հիմնական պատճառը դա էր, քանի որ տղաները այս մակարդակի համար հոգեբանորեն առայժմ պատրաստ չէին։ Այնպիսի սխալներ են անում, երբ կենտրոնից հետ են փոխանցում դարպասապահին, հասկանում եմ, թե ինչքան անվստահություն կա ֆուտբոլիստների մոտ։ Պետք է դրա վրա աշխատել, ընկերական խաղեր, փորձ ձեռք բերել, այս խաղից քաղել սխալներն ու ճիշտը, ինչպես պետք է մոտենանք, ճիշտ աշխատենք։Պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Շատ վատ տրամադրություն ունենք բոլորս, բայց պետք է ընդունել և աշխատել»,-ասել է Մելիքյանը։

 Նշենք, որ Պորտուգալիան 13 միավորով հաղթեց F խմբում, իսկ Հայաստանի ազգային հավաքականը 3 միավորով զբաղեցրեց վերջին տեղը։

 

Նորություններ