Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալներ Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, Միհրան Մախսուդյանի տնային կալանքը վերացվեց
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալ նախկին զինվորական, զորամասի հրամանատար Արման Իսրայելյանի նկատմամբ դատարանը կիրառեց 2 ամիս ժամկետով տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելքով և 2 մլն դրամ գրավով՝ հաշվի առնելով ընտանեկան հանգամանքները։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց կալանքի ժամկետը 3 ամիս ժամկետով երկարացնելու հանրային դատախազի ներկայացրած միջնորդությունները։
Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալներից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց։ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն, բացակայելու արգելք՝ համապատասխան սահմանափակումներով, որոնք չեն խոչընդոտի համապատասխան բժշկական հետազոտություններին։
Դավիթ Գալստյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց և կիրառվեց վարչական հսկողություն։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ հաշվի առնելով առողջական խնդիրները, դատական նիստերի ընթացքում ցուցաբերած պատշաճ վարքագիծը, նաև ընտանիքի ֆինանսական վիճակը որպես միակ կերակրող, որոշվեց տնային կալանքի եռամսյա ժամկետը լրանալուց՝ նոյեմբերի 25-ից հետո, փոփոխել, որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։
Անփոփոխ թողնվեց խափանման միջոց 5 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը։
Դատարանի որոշմամբ, Դավիթ Գալստյանը մարդաշատ վայրեր չի կարող այցելել, վարույթով մեղադրյալների հետ չի կարող շփվել։
