Որոշ գնահատականներով՝ դա ոչ այնքան Թրամփի, որքան Մոսկվայի ծրագիրն է․Ռուբեն Մեհրաբյանը Թրամփի խաղաղության ծրագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևին ներկայացրել է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ծրագիր։ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային վերջնագիր է ներկայացվել՝ ընդունել Վաշինգտոնի առաջարկած 28 կետանոց խաղաղության ծրագիրը։ Վերջնաժամկետը նոյեմբերի 27-ն է։
Ամերիկյան 28 կետանոց խաղաղության ծրագրի համաձայն՝ Ղրիմը, Լուգանսկը և Դոնեցկը դե ֆակտո կճանաչվեն ռուսական տարածքներ, իսկ Խերսոնում ու Զապորոժիեում շփման գիծը կսառեցվի, տարածքների մի մասը կդառնա ապառազմականացված բուֆերային գոտի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։ Ուկրաինան չի միանում ՆԱՏՕ-ին և պարտավորվում է կրճատել իր զինված ուժերի թվաքանակը։ ՆԱՏՕ-ն էլ պարտավորվում է զորքեր չտեղակայել Ուկրաինայում, իսկ Ռուսաստանը պարտավորվում է չհարձակվել Ուկրաինայի կամ Եվրոպայի վրա։ ԱՄՆ-ն և Եվրոպան կպատրաստեն Ուկրաինայի վերակառուցման համար խոշոր ներդրումային փաթեթ, որը կներառի 100 միլիարդ դոլար սառեցված ռուսական ակտիվներից, իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները աստիճանաբար կհանվեն։
Երկիրը 100 օրվա ընթացքում կանցկացնի ընտրություններ, որոնց դիմաց կստանա հուսալի անվտանգության երաշխիքներ։ Ռուսաստանը կվերաինտեգրվի համաշխարհային տնտեսության մեջ։ Պատժամիջոցների վերացումը կքննարկվի և կհամաձայնեցվի փուլերով և յուրաքանչյուր դեպքի համար առանձին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնի ծրագիրը ստանալուց հետո ուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին, ու ասել․«Ուկրաինան այժմ կանգնած է շատ դժվար ընտրության առաջ՝ կա՛մ արժանապատվության կորուստ, կամ՛ կարևոր գործընկերոջը կորցնելու ռիսկ, կա՛մ ծանր 28 կետերի իրականացում, կա՛մ ամենախիստ ձմեռը և դրան առնչվող ռիսկերը»։
Բնականաբար, Ուկրաինան կանգնած է բավականին դժվար իրավիճակի առաջ՝ ռազմական, դիվանագիտական և ներքաղաքական։ Նախագահ Զելենսկու խոսքերը հասարակության հետ անկեղծ զրույց են, որոնք արտացոլում են այն բավականին տհաճ իրողությունները, որոնք արդեն իսկ ի հայտ են եկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված հանցավոր պատերազմի չորրորդ տարվա վերջում։ Զելենսկու ուղերձի մասին նման կարծիք ունի Ռուբեն Մեղրիբանը։

Ռուբեն Մեհրաբյան
RegionsTV-ի հետ զրույցում Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ասաց՝ Զելենսկու կոչը նաև մոբիլիզացնող ազդեցություն ունի, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, և դա չի նշանակում, որ այսօր քննարկվող առաջարկները իրագործելի են:
«Զելենսկին միաժամանակ ճկունություն է ցուցաբերում և ասում, որ պատրաստ է քննարկել ամեն ինչ, բայց միայն ռացիոնալ տեսանկյունից: Միևնույն ժամանակ, Ուկրաինայում և Եվրոպայում, և, իհարկե, Եվրոպայում, ընդ որում՝ մեծ Եվրոպայում կա հստակ ըմբռնում կարմիր գծերի գոյության մասին, որոնք ոչ մի դեպքում չեն կարող հատվել: Ներկայումս պայքարը շարունակվում է ոչ միայն մարտադաշտում, այլև դիվանագիտական ասպարեզում»,-ասաց Մեհրաբյանը՝ նշելով, որ սա «ստոպ-կադր» չէ, այլ բավականին դինամիկ գործընթաց, որի արդյունքը կորոշվի հակամարտության արդյունքով:
Փորձագետի խոսքով՝ ներկայումս դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանա իրավիճակը։
«Մի կողմից, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը թիրախավորում է ոչ միայն Ուկրաինան, այլև 1945 թվականից հետո ձևավորված ամբողջ աշխարհակարգը։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք շատ սերտ դաշինք Ուկրաինայի և Եվրոպայի միջև։ Եվ մենք տեսնում ենք բավականին երկիմաստ դիրքորոշում Միացյալ Նահանգներում, որի վերջնական ձևավորումը նույնպես պայքարի արդյունք է։ Այժմ կարելի է ասել, որ պայքար է ընթանում նաև Թրամփի համար։ Մենք տեսնում ենք մի քանի խաղ, ինչպես շախմատային պարտիայում միաժամանակյա խաղի՝ մի քանի խաղատախտակների վրա խաղ, որտեղ ընդհանուր արդյունքը կլինի բոլոր խաղատախտակների վրա պայքարի արդյունքը միասին վերցրած։ Այդտեղից մենք պարզապես պետք է հետևենք, թե ինչպես են զարգանում այդ իրադարձությունները»,-ընդգծեց փորձագետը։
Ռուբեն Մեհրաբյանը վստահություն հայտնեց, որ Ուկրաինան բոլոր հնարավորություններն ունի պաշտպանելու իր արդար դիրքորոշումը։ Նրա դիտարկմամբ՝ Եվրոպան նույնպես հնարավորություն ունի պաշտպանելու իր դիրքորոշումը, որը նույնական է Ուկրաինայի դիրքորոշմանը, և որը երկարաժամկետ ռիսկ չի ներկայացնի Եվրոպայի եվրաատլանտյան անվտանգության համար․«Ես կարծում եմ, որ լուծումը գտնվում է առողջ բանականության սահմաններում, այլ ոչ թե այն քաղաքական եսասիրության մեջ, որը մենք հաճախ տեսել ենք վերջին պատմության մեջ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումը 1938 թվականին, կամ Միացյալ Նահանգների մեկուսացված դիրքորոշումը Առաջին համաշխարհային պատերազմից հետո և Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես առաջ, երբ Ամերիկան պատերազմի մեջ մտավ միայն այն բանից հետո, երբ արդեն տեղի էր ունեցել Պերլ Հարբորը»։
Քաղաքագետի կարծիքով՝ սա շատ բարդ գործընթաց է, և այն, ինչ հիմա տեղի է ունենում, միասին վերցրած և իր ծավալներով, համաշխարհային պատերազմ է, բայց որը մղվում է որոշ չափով ապակենտրոնացված ձևով՝ հաշվի առնելով տեխնոլոգիաների, զենքի և քաղաքակրթության ներկայիս մակարդակը․«Հիմակարիք չկա բազմամիլիոնանոց բանակների և միլիոնավոր զոհերի, բայց ռազմաքաղաքական տեսանկյունից կարող ենք ասել, որ սա նույնպիսի համաշխարհային պատերազմ է»։ Ամերիկյան խաղաղության ծրագրի վերաբերյալ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ կան տարբեր գնահատականներ, այդ թվում՝ այն, որ դա ոչ այնքան Թրամփի ծրագիրն է, որքան Ռուսաստանի ծրագիրը, որը փոխանցվել է Թրամփի, ապա Թրամփը փոխանցել է Ուկրաինային՝ առանց խորը ուսումնասիրության ու մշակման:
Մեհրաբյանի խոսքով՝ մշակման գործընթացը դեռ առջևում է։ Նա վստահ է, որ եվրոպացիները կանեն ամեն ինչ՝ Ուկրաինան արտաքին դիվանագիտական ճնշումից պաշտպանելու համար, և բոլոր մարտերը դեռ առջևում են․«Այն փաստը, որ նրանք խոսում են 28 կետերի մասին, պարտադիր չէ, որ նշանակի, որ այդպես էլ կլինի: Ես արդեն ասել եմ, որ Ուկրաինան ցուցաբերում է (և իրավացիորեն) ճկունություն, քանի որ անմիջապես չի մերժում առաջարկները, այլ պատրաստ է քննարկել ամեն ինչ, միաժամանակ պաշտպանելով իր դիրքորոշումն ու առողջ բանականությունը: Կարևոր է նաև նշել, որ Ուկրաինան վերջապես եզրակացրել է, որ Թրամփին «ոչ» ասելու մեջ ոչ մի օգտակար բան չկա: Դուք չեք կարող Թրամփին «ոչ» ասել»: Թրամփին պետք է ասել «այո», ապա դնել ստորակետ, ապա գրել «բայց» բառը, ապա ավելացն սեփական դիրքորոշումը»:
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, ինչպես նշեց փորձագետը, դեռևս բանակցությունների առարկա են, և այս պահին դեռևս վերջնականապես հասկանալի չէ, թե ինչ է խաղադրույքի տակ։ Մեհրաբյանը հավելեց, որ Ուկրաինային ներկայացված Վաշինգտոնի ծրագրի վերաբերյալ Թրամփի վերջնաժամկետը՝ նոյեմբերի 27-ը, Գոհաբանության օրը, պարզապես ցանկություն է և ոչ ավելին, քանի որ դիվանագիտական արդյունքները չեն կարող կապվել տոների, նշանակալի ամսաթվերի կամ որևէ կոնկրետ օրվա հետ։
Զաբելա Ավագյան
