Ճապոնիայում տեղի ունեցած 7.5 մագնիտուդով երկրաշարժից առնվազն 33 մարդ է վիրավորվել
Ճապոնիայում գիշերը տեղի ունեցած 7.5 մագնիտուդով երկրաշարժից վիրավորվել է առնվազն 33 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Նրանց մեծ մասը տուժել է ընկնող առարկաներից։
Առնվազն 90 հազար բնակիչ լքել է տները, հետաձգվել են մի շարք չվերթներ, ժամանակավոր դադարեցվել որոշ դպրոցներում դասերը, մոտ 480 բնակիչ ապաստան է գտել Հաչինոհեի ավիաբազայում, իսկ վնասի գնահատման համար մոբիլիզացվել է 18 պաշտպանական ուղղաթիռ։
Իշխանությունները զգուշացրել են հնարավոր հետցնցումների մասին, որոնք կարող էին առաջանալ ուշ գիշերին տեղի ունեցած երկրաշարժից հետո։
Վարչապետ Սանաե Տակաիչին լրագրողներին հայտնել է, որ ստեղծվել է արտակարգ իրավիճակների աշխատանքային խումբ՝ վնասը շտապ գնահատելու համար:
«Մենք մարդկանց կյանքն ենք դնում առաջին տեղում և անում ենք այն ամենը, ինչ կարող ենք», – ասել է նա։
7.5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 23:15-ի սահմաններում Խաղաղ օվկիանոսում՝ Աոմորիի ափից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա, որը Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու ամենահյուսիսային պրեֆեկտուրան է:
Մինչև 70 սանտիմետր ցունամի է չափվել Իվատե պրեֆեկտուրայի Կուջի նավահանգստում՝ Աոմորիից մի փոքր հարավ, և մինչև 50 սանտիմետր ալիքները հարվածել են տարածաշրջանի այլ համայնքներին, հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը:
Գործակակությունը զգուշացրել է՝ առաջիկայում հնարավոր է ավելի ուժգին ցնցումներ լինեն, նախազշգուշացում է տրվել ցունամիի մասին։
