Ալիևի փորձերը հաջողությամբ չեն պսակվել. Ադրբեջանում թալիշների իրավունքների հարցը Իրանում | Region

Ալիևի փորձերը հաջողությամբ չեն պսակվել. Ադրբեջանում թալիշների իրավունքների հարցը Իրանում

Մարտ 16,2024 14:57

 – Ադրբեջանի իշխանությունները շարունակում են թալիշների ձուլման քաղաքականությունը.

– «Ադրբեջանում իսլամաֆոբիայի աղբյուրը Ալիևի ռեժիմն է».      

 

Ինչպես շատ այլ փոքրամասնություններ, այնպես էլ թալիշներն Ադրբեջանում ենթարկվում են ձուլման՝ ասիմիլյացիայի։ Թալիշական ազգային շարժման առաջնորդները համոզված են, որ Ադրբեջանի գործող իշխանությունները շարունակում են թալիշների ձուլման կուրսը՝ «չկա ժողովուրդ, չկա խնդիր» սկզբունքով: Թալիշներին իրենց հայրենիքից՝ Իրանից առանձնացնելու Ալիևի փորձերը հաջողությամբ չեն պսակվել, այդ ժողովուրդը կրոնական և մշակութային առումով կապված է Իրանի հետ: Նշենք, որ Իրանում տարբեր մակարդակներով ակտիվորեն աջակցում են թալիշներին՝ իրենց իրավունքների համար պայքարում։

Պատահական չէ, որ մարտի 10-ին Ազադի Ռեշտ իսլամական համալսարանում   տեղի ունեցավ «Թալիշը իրանական մշակույթի և պատմության հայելու մեջ» գիտաժողովը:   Համաժողովին մասնակցում էին իրանցի գիտնականներ, տարածաշրջանի թալիշական ակտիվը, Եվրոպայում թալիշական սփյուռքի ներկայացուցիչները, ինչպես նաև Թալիշ-Մուղանական Հանրապետության վտարանդի կառավարության նախագահ Բորիս Թալիշինսկին: Գիտաժողովի ընթացքում ելույթ են ունեցել հայտնի գործիչներ և փորձագետներ:

Վտարանդի նախագահ Բորիս Թալիշինսկին ասել է. «Ես երջանիկ եմ, որ գտնվում եմ Հայրենիքում։  Իրանը թալիշների պատմական հայրենիքն է, և ես իմ պատմական հայրենիքում եմ։ Ալիևի ռեժիմը թույլ չի տվել թալիշերենի միջոցառումն անցկացնել փոքրիկ սրճարանում, արգելել է այն, իսկ միջոցառումը կազմակերպող կանայք և երեխաները ենթարկվել են սպառնալիքների և շանտաժի»:

Ընդգծելով յուրաքանչյուր ժողովրդի դերը ազգային մշակույթի պահպանման գործում՝ Ահմեդ Կազիմին նշել է. «բաժանումը միշտ էլ վնասակար է եղել: Ընդհանուր պատմության հազարամյակները ստեղծում են ընդհանուր իրավունքներ։  Եվ, հետևաբար, շատ բնական է, որ եղբայրը անհանգստանա իր եղբոր համար: Իրանցի թալիշներն իրավունք ունեն անհանգստանալու Հյուսիսային Թալիշստանում իրենց եղբայրների ու քույրերի համար»:

Համաժողովին Երևանի պետական համալսարանի իրանական բարբառների պրոֆեսոր և համաժողովի քարտուղար Յասեր Քարամզադեն նշել է, որ «նման միջոցառումների անցկացումը, որոնք զգալի արձագանք են ստացել, ունի ոչ միայն մշակութային ասպեկտ, այլև քաղաքական: Կարելի է ասել, որ Իրանի առաջնորդությունը վերածնվել է։ Մինչ այդ, Հայաստանը, Ռուսաստանը և այլ պետություններ փորձում էին միավորել թալիշներին իրենց շուրջ, լուծել նրանց խնդիրները։ Բայց հիմա թալիշների բոլոր հույսերը կապված են Իրանի հետ»

Եվրոպական Միության ժողովրդական տան տնօրենների խորհրդի անդամ Աբուլֆազլ Բեհեշտին նույնպես ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում ճնշված շիաներին աջակցելու նպատակով Եվրոպայում իրականացվող աշխատանքների վրա:

Ռուսաստանի նախագահին կից խորհրդի ազգամիջյան հարցերի հանձնաժողովի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում 7 թալիշ թեկնածուներից 3-ը հաղթանակներ են տարել իրենց ընտրատարածքներում։  Սա մեծ հաջողություն է իրանցի թալիշների համար, քանի որ նախորդ գումարման ընթացքում խորհրդարան է անցել թալիշներից ընդամենը մեկ պատգամավոր։

Եթե Իրանում թալիշներն իրականացնում են իրենց քաղաքական նշանակություն ունեցող միջոցառումները, ապա Ադրբեջանում Ալիևը թալիշների նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում։

Ադրբեջանի բռնապետական իշխանությունը լրտեսության և թմրամոլության պատրվակով ձերբակալում է բոլոր շիա հավատացյալներին և ակտիվիստներին: «Մահմեդական միասնություն» շարժման 67 անդամներ գտնվում են բանտում։  Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր պահելու համար։  Իրավապաշտպանները հայտնում են, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում երկրում ձերբակալվել է ավելի քան 500 հավատացյալ: Ձերբակալվածների մեծ մասին մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր պահելու համար։ Սակայն նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում՝ պնդելով, որ պատժվել են կեղծ մեղադրանքով։

Շարժման առաջնորդ Թալեհ Բագիրզադեն կալանավայրից հայտարարել է, որ Ադրբեջանում իսլամաֆոբիայի աղբյուրը հենց Ալիևի ռեժիմն է: Նա նշել է, որ ռեժիմի կողմից կեղծ մեղադրանքներով երկրի քաղաքացիների, հատկապես հավատացյալների ձերբակալությունները հասել են աներևակայելի չափերի:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 13-ին Ադրբեջանի բռնապետական իշխանությունը Լենքորանում նոր կալանավայր է կառուցել։ Ամենայն հավանականությամբ, ՔԿՀ-ն կառուցվել է ձերբակալված հոգևորականներին և թալիշ ակտիվիստներին պահելու նպատակով։

 

Զաբելա Ավագյան

Նորություններ