Խաղաղության պայմանագրի բացակայությունը Բաքվին հնարավորություն է տալիս Հայաստանի նկատմամբ կիրառել ուժի սպառնալիքը․ Բենիամին Պողոսյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս Դավոսում «Համաշխարհային տնտեսական ֆորումում» այնպիսի հայտարարություններ է արել, որ թվում է, թե ուր որ է պատրաստ է Հայաստանի հետ ստորագրել Խաղաղության պայմանագիրը։
«Ադրբեջանն ու Հայաստանը որոշում են կայացրել փակել պատերազմի էջը»,-ասել է Ալիևը։ Նա նշել է, որ «հեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով»։
Թեև միջազգային հարթակներում Ալիևը նման հայտարարություններ է անում, սակայն ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բաքուն շարունակում է պնդել։
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը վստահ չէ, որ Բաքուն մոտ ապագայում կստորագրի Խաղաղության պայմանագիրը։ RegionsTV-ի հետ զրույցում Պողոսյանը նախ նշում է՝ քանի դեռ ՀՀ Սահմանադրությունը փոխված չէ, Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրությունից հանված չէ, Ադրբեջանը նույնիսկ չի մտածի Խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։
«Եթե նույնիսկ ընդունենք, որ առաջիկա մեկ տարում Հայաստանում տեղի կունենա հանրաքվե, և մենք կունենանք նոր Սահմանադրություն, որտեղ չկա հղում Անկախության հռչակագրին, էլի վստահ չեմ, որ Ադրբեջանը կստորագրի Խաղաղության պայմանագիրը»,-նշում է Պողոսյանը։
Նրա կարծիքով՝ ներկայիս իրավիճակը լիովին ձեռնտու է ադրբեջանական կողմին, ու այսկերպ Բաքուն գործողությունների ավելի մեծ ազատություն ունի։
«Խաղաղության պայմանագրի բացակայությունը Ադրբեջանին հնարավորություն է տալիս Հայաստանի նկատմամբ մշտապես պահել ուժի սպառնալիքի կիրառման հնարավորությունը։ Բոլորս ենք հասկանում, որ մի բան է ռազմական ագրեսիայով սպառնալ Հայաստանին, երբ կա Խաղաղության պայմանագիր, և լրիվ այլ բան է սպառնալ ռազմական ագրեսիայով, երբ չկա պայմանագիրը։ Իհարկե Խաղաղության պայմանագիրը ռազմական ագրեսիայի հնարավորությունը ինքնին զրո չի դարձնում, բայց զգալիորեն նվազեցնում է։ Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանը միշտ էլ ցանկանալու է Հայաստանի վրա ունենալ ազդեցության այդ «մահակը»։ Հենց այս տրամաբանությունից ելնելով էլ Խաղաղության համաձայնագրի ստորագրումը քիչ հավանական եմ համարում»,-ընդգծում է Պողոսյանը։
Ալիևը Դավոսում նաև հայտարարել է, որ «Բաքուն և Երևանը «պետք է ավելի շատ ցույց տան խաղաղ համակեցության արդյունքները»։ Ընդ որում, նման հայտարարություններին զուգահեռ, Ալիևն առաջ է մղում «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի թեման, ռազմական բյուջեն է ավելացնում։
Ալիևի՝ «խաղաղ համակեցության․․․» մասին հայտարարության առնչությամբ Բենիամին Պողոսյանն ասում է՝ նմանատիպ քայլերով Ադրբեջանը նպատակ ունի ստեղծել այնպիսի «զուգահեռ իրականություն», որտեղ ինքը խաղաղ պետություն է, ու շահագրգռված է խաղաղությամբ․ «Ադրբեջանը փորձում է ստեղծել դրական մոտիվներ, մի կողմից մաքրել իր կողմից 2020-2023 թվականներին նախաձեռնած երեք լայնածավալ ռազմական գործողությունները, իսկ մյուս կողմից էլ ներկայացնել իրեն որպես խաղաղասեր ու խաղաղարար պետություն, պնդել, որ Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը բացառապես Ադրբեջանի շնորհիվ է՝ բարձրացնելով նաև իր իմիջը։ Բայց մյուս կողմում ռեալ իրականությունն է, որտեղ ճիշտ է, Ադրբեջանը ինչ-որ փոքր քայլեր անում է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն այդտեղ չկա որևէ իրավապայմանագրային հիմք, այն պարզապես Ալիևի քաղաքական որոշումն է, որը ցանկացած պահի կարող է չեղարկվել»։
Ադրբեջանի ղեկավարը Դավոսում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ ասելով, որ կարգավորման գործընթացն ընթանում է հայ-ադրբեջանականին զուգահեռ: «Անշուշտ, այդ գործընթացները կավարտվեն միաժամանակ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ»,-ասել է Ալիևը։
Այս առնչությամբ էլ Բենիամին Պողոսյանը հիշեցնում է՝ թեև հայ-թուրքական ցանկացած հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է տարածվում այն մասին, որ կողմերը պայմանավորվել են շարունակել գործընթացը առանց նախապայմանների, միևնույն է, կա հստակ նախապայման՝ Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները, ու միայն դրանից հետո կարելի է խոսել հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորման մասին․«Մնացած բոլոր դեպքերում կատարված քայլերը պարզապես սիմվոլիկ բնույթ են կրելու»։
Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները Դավոսում ստորագրել են ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին» միանալու փաստաթուղթը։ Արդյոք սա որևէ ազդեցություն ունենալու է, որպեսզի Խաղաղության պայմանագիրն մոտ ժամանակներում ստորագրվի։ Այս հարցին ի պատասխան փորձագետն ասում է՝ այդ երկու իրադարձություններում որևէ կապ չկա, ու գոնե կարճ հեռանկարում խորհրդի ազդեցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա գրեթե զրոյական է։ Բացատրում է․ «Խաղաղության խորհուրդը շատ յուրահատուկ կառույց է, կարծես ստեղծված է նախագահ Թրամփի անձնական ամբիցիաները բավարարելու համար։ Մի կողմից այն պատճառով, որպեսզի նա հնավորություն ունենա անգամ նախագահական ժամկետը լրանալուց հետո որոշակի դերակատարում ունենալ միջազգային հարաբերություններում։ Մյուս կողմից՝ բացառված չէ, որ ամերիկացիները կփորձեն այդ կառույցը օգտագործել որոշակի հարցերում, որոնք կարծես թե հակասում են միջազգային իրավունքին, ՄԱԿ-ը շրջանցելու, ու նաև մասնակից երկրների աջակցության միջոցով լեգիտիմություն ստանալու համար»։
Նիկոլ Մարգարյան
