«Ո՞րն է լինելու թոշակների նման բարձրացման այլընտրանքային ծախսը՝ չկառուցված ճանապարհնե՞րը, թե՞ ավելացող պետական պարտքը»․ Ֆանյան
«Անկախ կուսակցական պատկանելիությունից և կուսակցության որդեգրած գաղափարախոսությունից, Հայաստանում գրեթե բոլոր կուսակցությունները ընտրության նախաշեմին դառնում են պոպուլիստ, ցանկանալով տարբեր մեթոդներով շահել ժողովրդի վստահությունը»,-RegionsTV-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկազ Ֆանյանն՝ անդրադառնալով կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացնելու մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան սոցիալական ցանցերի միջոցով հայտարարել է, որ ապրիլի 1-ից մեր երկրում կենսաթոշակները կբարձրանան: «Համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, իսկ համեմատաբար բարձր թոշակներն՝ ավելի քիչ»,-ասել է Փաշինյանը։
Հայկազ Ֆանյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ նման որոշում կայացվում է հենց այս ժամանակահատվածում՝ 2026 թվականի պետական բյուջեն ընդունելուց/հաստատելուց կարճ ժամանակ հետո, և առաջիկա ընտրություններից երեք ամիս առաջ:
Նրա գնահատմամբ՝ հենց նմանատիպ գործողություններն են երկարաժամկետ հեռանկարում սահմանափակում տնտեսական աճը.«Այս պարագայում կարևոր է հասկանալ, թե ի՞նչի հաշվին է կայացվել նման որոշումը: 10 հազար դրամով կենսաթոշակները բարձրացնելու արդյունքում բյուջեի ծախսը կարող է աճել մոտավորապես 40-45 միլիարդ դրամով, ինչը համարժեք է բյուջեի ծախսային մասի 1,1-1,2%-ին: Կարևոր է, որ իշխանությունները տան այն հարցի պատասխանը, թե ո՞րն է առաջիկա հինգ տարիների ընթացքում լինելու նման բարձրացման այլընտրանքային ծախսը՝ չկառուցված ճանապարհները, թե՞ ավելացող պետական պարտքը»:
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու են հիմա բարձրացնում թոշակները։ Նա ասել է․« Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականի եղել է կանխատեսվածից ավելի բարձր, և սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում և Հայաստանի քաղաքացիները այդ տնտեսական աճի արդյունքը պետք է տեսնեն նաև իրենց կյանքում»։ Այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ նույն հիմնավորումն է բերել, թե «2024-ի համեմատ 2025-ի տնտեսությունը 7.2%-ով աճել է»։ Մինչդեռ, հիշեցնենք, դեռ նախորդ տարի վարչապետը նշում էր, թե անհնար է այս փուլում կենսաթոշակների բարձրացումը:
Պարոն Ֆանյանը նախարարի հիմնավորումը համոզիչ չի համարում․«Բնականաբար, ինձ չի համոզում այն, թե կենսաթոշակների բարձրացումը պայմանավորված է սպասվածից բարձր տնտեսական աճով: Հարկերը չեն հավաքվել պլանից ավել, մյուս կողմից էլ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը նախատեսվածից ավելի ցածր է: Հետևաբար, ամենահավանական տարբերակը այս դեպքում այն է, որ մենք, ցավոք սրտի, կրկին գործ ունենք պոպուլիզմի դրսևորման հետ»:
Ընտրություններից առաջ թոշակների բարձրացումը, ընդդիմադիրների գնահատմամբ՝ նախընտրական օրինականացված «կաշառք» է։ Մարդիկ դեռ լավ հիշում են, թե ինչ էր ասում Փաշինյանն ընդամենը երկու ամիս առաջ․«10 հազար դրամը պետք չէ տալ թոշակառուներին, որովհետև նրանք չգիտեն ինչի վրա ծախսեն և այլն, մենք ավելի ճիշտ կկազմակերպենք»:
Նիկոլ Մարգարյան
