Սահման պաշտպանած Իսոյի և նրա հայ-ուդի-ասորական ընտանիքի պատմությունը
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Անտառամեջ գյուղի բնակիչ Իսահակ Բենիամինովին տարածաշրջանում բոլորն են ճանաչում։ Նրան Իսակ կամ Իսո կարճ տարբերակով են դիմում։ Ինքն իրեն ասորի հայ է համարում։ 1990-ական թվականներին մասնակցել է սահմանների պաշտպանության մարտական գործողություններին, կռվել է «Վաղարշապատ» ջոկատի կազմում։
Իսահակի կնոջ՝ Խանում Արզումանյանի մայրն ազգությամբ ուդի է, պապը եղել է Անդրանիկ զորավարի զինվորներից։ Տիկին Խանումը Regions TV-ի հետ զրույցում ներկայացրել է իր ազգականների պատմությունը։ Ըստ նրա՝ բոլոր երկրներում, այդ թվում Ադրբեջանում բնակվող ուդիները գերազանց տիրապետել են հայոց լեզվին, օգտագործել են հայոց գիրը, եկեղեցական արարողությունները կատարվել են հայկական ծեսով և հայերեն։ Նրանք ունեն հիմնականում հայկական անուն-ազգանուններ։ Ադրբեջանի իշխանությունները, իրենց բնորոշ ցինիկությամբ, տեղաբնակ ուդիներին օգտագործում են Հայաստանի և Արցախի դեմ մղվող քարոզչական պատերազմում։
Անտառամեջ գյուղում բնակվող հայ-ուդի-ասորական ընտանիքը հարգված է համագյուղացիների կողմից։ Աշխատող, արարող մարդիկ են։ Զբաղվում են անասնապահությամբ, կաթնամթերքն իրացնում են Իջևան քաղաքում։ Չեն հասկանում այն մարդկանց որոնք գյուղում անասուն չեն պահում և հող չեն մշակում։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
