Խայալ Մուազզին. Ամերիկա-իսրայելական տանդեմի նպատակը Իրանի՝ որպես ուժի ինքնուրույն տարածաշրջանային կենտրոնի չեզոքացումն է, այլ ոչ թե միջուկային ծրագիրը
Իրանը կառուցում է ասիմետրիկ զսպման պաշտպանական դոկտրին։ Հրթիռային ուժեր, անօդաչու տեխնոլոգիաներ, ծովային ստորաբաժանումներ, տարածաշրջանային դաշնակիցներ. այս ամենը այն համակարգի տարրերն են՝ հաշվարկված ավելի հզոր հակառակորդին դիմակայելու համար։
ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ լայնածավալ պատերազմը ծանր սցենար է, բայց Իրանն այդտեղ անպատրաստ չի մտնում։ Իրանի առավելությունը աշխարհագրական դիրքն է, տարածքային խորությունն ու էներգետիկ երթուղիների վրա ազդելու հնարավորությունը։ Այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասաց իրանցի լրագրող Խայալ Մուազզինը՝ գնահատելով Իրանի պաշտպանունակությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների դեմ, որը սկսվել է փետրվարի 28-ին։
Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հերթին պատասխան հարվածներ է հասցնում, օգտագործում ավելի հեռահար խոցման միջոցներ՝ ընդլայնելով իր պատասխան միջոցառումների աշխարհագրությունը։ Իրանը հարվածել է Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայանների վրա։
Կապիտուլյացիայից հրաժարված Իրանում սգո օր էր։ Երկիրը հրաժեշտ էր տալիս իսրայելական հարվածներից զոհված այաթոլլա Ալի Խամենեիին։ Պատերազմի հենց առաջին օրը զոհվել են երկրի գերագույն առաջնորդը և նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը, ռազմական խորհրդի ղեկավարը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ ու քաղաքական գործիչներ։
Իրանցի լրագրող Խայալ Մուազզինի կարծիքով՝ սպասվող ներքին քաոսի փոխարեն, որը կարող էր թուլացնել ռեժիմը ներսից, ամերիկյան վարչակազմը բախվեց իրանական հասարակության անսպասելի համախմբմանը։ Զոհված առաջնորդների սուգը, հակակառավարական ելույթների առիթ դառնալու փոխարեն, վերածվեց ազգային միասնության և արտաքին ագրեսիային դիմակայելու վճռականության ցուցադրության։
Մուազզինն ասաց, որ առաջնորդի վերացման փորձը հոգեբանական շոկի և կառավարչական վակուումի վրա կատարված խաղադրույք է։ Սակայն, ըստ Մուազզինի, Իրանը պատմականորեն համակարգը կառուցել է հենց արտաքին սպառնալիքների հաշվառմամբ․«Իշխանության իրանական մոդելը ոչ թե պերսոնալիստական է, այլ ինստիտուցիոնալ-գաղափարախոսական։ Գերագույն առաջնորդը կենտրոնական կերպար է, բայց կառավարելիության միակ աղբյուրը չէ։ Նրա վերացման դեպքում գործարկվում է Սահմանադրությամբ նախատեսված իրավահաջորդության մեխանիզմը Փորձագետների խորհրդի միջոցով, որն էլ որոշում է նոր ղեկավարին։ Զուգահեռաբար գործում են նախագահը, խորհրդարանը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Ազգային անվտանգության խորհուրդը։ Պետական մեքենան կապված չէ մեկ մարդու հետ։ Երկիրը տասնամյակներ շարունակ ապրում է պատժամիջոցների և սպառնալիքների ներքո, ուստի կայունության մեխանիզմները ներկառուցված են իշխանության ճարտարապետության մեջ։ Ավելին, խորհրդանշական կերպարի վերացումը հաճախ վերածվում է գաղափարախոսական մոբիզիլացման գործոնի»։
Իրանցի լրագրողը նկատեց, որ «երկրի ճակատագիրը կարճաժամկետ հեռանկարում համախմբումն է, միջնաժամկետում՝ դերերի վերաբաշխումը էլիտաների ներսում, բայց առանց համակարգի փլուզման, երկարաժամկետում՝ արտաքին քաղաքականության մեջ «կոշտ գծի» ուժեղացումը։ Ռեժիմը դրսից կոտրելու ցանկացած փորձ կհանգեցնի ավելի շուտ դրա արմատականացմանը, քան կապիտուլյացիայի»։
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությանը, թե «մարտական գործողությունները ներկայումս ընթանում են ողջ ծավալով, և դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև մենք չհասնենք մեր բոլոր նպատակներին», Խայալ Մուազզինը նշեց, որ «Թրամփի հայտարարությունը պատերազմը «մինչև բոլոր նպատակների իրագործումը» շարունակելու մասին ճնշման քաղաքական բանաձև է։ Սակայն պատերազմի իրական տևողությունը որոշվում է ոչ թե հայտարարություններով, այլ կողմերի՝ կորուստներ կրելու կարողությամբ։ Եթե հակամարտությունը վերածվի ձգձգվող փուլի՝ ենթակառուցվածքներին հասցվող հարվածներով և տարածաշրջանի համար տնտեսական հետևանքներով, ճնշումը կմեծանա նաև ԱՄՆ-ի ներսում»։
Ամերիկա-իսրայելական տանդեմի նպատակները, ըստ Մուազզինի, չեն սահմանափակվում միջուկային թեմայով։ «Միջուկային ծրագիրը հարմար միջազգային փաստարկ է։ Ռազմավարական նպատակը Իրանի՝ որպես ինքնուրույն տարածաշրջանային ուժային կենտրոնի չեզոքացումն է։ Խոսքը էներգետիկ հոսքերի նկատմամբ վերահսկողության, Իրան-Ռուսաստան-Չինաստան առանցքի արգելափակման և Արևմտյան Ասիայում ամերիկյան ազդեցության պահպանման մասին է։ Ռեժիմի փոփոխությունը կամ պետականության թուլացումը ավելի լայն քաղաքական մտահղացում է, քան պարզապես ուրանի հարստացման դադարեցումը։ Եթե հարցը բացառապես տեխնիկական լիներ, այն կարելի էր լուծել տեսչությունների և համաձայնագրերի ձևաչափով։ Բայց հակամարտությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական ճարտարապետության համար մղվող պայքարի բնույթ է ստացել»,-ասաց Մուազզինը։
Նա նշեց, որ այս պահին բանակցությունների սկսման հավանականությունը չափազանց ցածր է։ Իրանում հասարակական տրամադրությունները կողմնորոշված են ոչ թե ճնշման տակ փոխզիջման գնալուն, այլ հատուցմանը և ինքնիշխանության պաշտպանությանը։ Հարվածներից և ղեկավարության զոհվելուց հետո հասարակության զգալի մասը ցանկացած բանակցություն ընկալում է որպես կապիտուլյացիա պարտադրելու փորձ։
«Իրանն արդեն երկու անգամ ցուցադրել է դիվանագիտական գործընթացի պատրաստակամությունը։ Սակայն հասարակական ընկալման մեջ ԱՄՆ-ն օգտագործել է բանակցային ձևաչափերը որպես ճնշման և ժամանակ շահելու գործիք, այլ ոչ թե որպես կարգավորման ազնիվ մեխանիզմ։ Դա խաթարել է վստահությունը։ Հակամարտության ընթացիկ փուլում բանակցությունների քաղաքական գինը Թեհրանի համար չափազանց բարձր է։ Առանց պայմանների փոփոխության և ուժային ճնշման դադարեցման՝ երկխոսության հավանականությունը նվազագույն է»,- ընդգծեց Խայալ Մուազզինը։
Մեր զրուցակիցը նշեց, որ «Հորմուզի նեղուցի փակումը համաշխարհային շոկ կդառնա. դրանով է անցնում համաշխարհային նավթի մատակարարումների զգալի մասը։ Էներգակիրների գները կտրուկ կաճեն։ Դա կհարվածի համաշխարհային տնտեսությանը և ճնշում կստեղծի արևմտյան կառավարությունների վրա։ Հենց Իրանի համար դա նույնպես տնտեսական կորուստներ են, սակայն ռազմավարական զսպման տրամաբանության մեջ նման քայլը դիտարկվում է որպես հակամարտության գինը ցուցադրելու գործիք»։
Այնուամենայնիվ, իրանցի լրագրողը համոզված է, որ Թրամփի քաղաքական ապագան զգալի չափով կախված է պատերազմի ելքից. անորոշ հեռանկարներով ձգձգվող հակամարտությունը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել։ «Արտաքին պատերազմը ամերիկյան քաղաքականության մեջ միշտ վերածվում է ներքին գործոնի։ Եթե արշավը լինի կարճաժամկետ և հանգեցնի ակնհայտ արդյունքի, Թրամփը քաղաքական դիվիդենտներ կստանա։ Եթե հակամարտությունը ձգձգվի, հանգեցնի կորուստների և էներգակիրների գների աճի, դա կհարվածի նրա վարկանիշին։ Ամերիկյան հասարակությունը զգայուն է առանց հստակ նպատակի երկարատև ռազմական արշավների նկատմամբ։ Այսպիսով, Թրամփի համար սա ոչ միայն աշխարհաքաղաքական ռիսկ է, այլև ներքաղաքական խաղադրույք»,- ասաց Մուազզինը։
Մեկնաբանելով եվրոպական որոշ առաջնորդների հայտարարությունները՝ ի պաշտպանություն Թրամփի և այն պնդումները, թե ռեժիմի տապալումից հետո Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից, Խայալ Մուազզինը նշեց, որ նման հայտարարությունները արտացոլում են քաղաքական սոլիդարությունը Միացյալ Նահանգների հետ, բայց հաշվի չեն առնում տարածաշրջանային գործոնները։ Նրա կարծիքով՝ վերջին տասնամյակների պատմությունը ցույց է տալիս, որ Իրաքում, Լիբիայում կամ Աֆղանստանում արտաքին միջամտությամբ ռեժիմների վերացումը կայունություն չի բերել։ Դրսից իշխանության փոփոխությունը, ըստ նրա, հազվադեպ է հանգեցնում կառավարելի անցման, ավելի հաճախ առաջանում է վակուում, արմատականացում և քաոս․«Եվրոպան, աջակցելով կոշտ գծին, փաստացի ռիսկի է դիմում ստանալ անկայունության նոր ալիք և միգրացիոն ճգնաժամեր։ Իրանը նման հայտարարություններն ընկալում է որպես հաստատում այն բանի, որ հակամարտությունը համակարգային բնույթ է կրում։ Խոսքը ոչ թե միջուկային ծրագրի շուրջ տեխնիկական վեճի, այլ տարածաշրջանի քաղաքական ճարտարապետությունը փոխելու փորձի մասին է։ Ընդհանուր առմամբ, տեղի ունեցողը պարզապես ռազմական դրվագ չէ։ Սա երկու մոդելների բախում է՝ Վաշինգտոնում որոշումների կայացման կենտրոն ունեցող միաբևեռ համակարգի և Իրանի տարածաշրջանային ինքնուրույնության։ Ելքը կախված կլինի ոչ միայն հրթիռներից ու ավիացիայից, այլև երկարաժամկետ հեռանկարում քաղաքական, տնտեսական և հոգեբանական ճնշմանը դիմանալու կողմերի կարողությունից»,- ընդգծեց Խայալ Մուազզինը։
Զաբելա Ավագյան
