Արցախցիները ստիպված են թակել տարբեր կառույցների դռներ, գնալ քաղաքից քաղաք. քաշքշուկը չի ավարտվում
Գորիսից Երեւան, Երեւանից Գորիս, մի կառույցից մյուսը եւ բազմաթիվ անպատասխան հարցեր… Արցախից բռնի տեղահանված անձանց փաստաթղթային քաշքշուկները չեն ավարտվում: Մարդիկ ստիպված են թակել պետական տարբեր կառույցների դռներ, քաղաքից քաղաք գնալ, բայց այդպես էլ չստանալ հստակ պատասխաններ:
Մարինե Շիրինյանի դեպքում երեխայի թղթերն է դժվարությամբ կարգի բերել: Մայրը՝ 63-ամյա Օլյա Օհանյանը եւս փաստաթղային խնդիրների է բախվել:
Տեղահանվել են Մարտակերտի Մաղավուզից: Մարինեն հիշում է՝ ինչ դժոխային ճանապարհ անցան՝ մինչեւ Հայաստան հասնելը: Նախ ադրբեջանական հրետակոծությունից պատսպարվեցին նկուղներում, ապա՝ Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում: Չափազանց ծանր էր նաեւ երկօրյա ճանապարհը դեպի Հայաստան: Մոր եւ տղայի հետ Հայաստան հասան բաց թափք ունեցող բեռնատարով: Հիմա ընտանիքն ապրում է Սյունիքի Վերիշենում՝ վարձով: