2026-ի հունվար-մարտին արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30 դեպք․ ԽԱՊԿ
2026թ․ հունվար-մարտ ամիսներին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30 դեպք։ Դրանցից 1-ը ֆիզիկական բռնության, 22-ը տարատեսակ ճնշումների դեպքեր են, իսկ 7-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։
Դիտարկվող ժամանակահատվածում քաղաքական շրջանակներից ԶԼՄ-ների ու լրագրողների հասցեին հնչեցված առերևույթ վիրավորանքների և սպառնալիքների, ինչպես նաև օրինական լրագրողական գործունեության խոչընդոտումների գերակշիռ մասը՝ 8 դեպքից 7-ը, եղել է իշխանության ներկայացուցիչների կողմից։
Ընդհանուր առմամբ պահպանվել է ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների դատական հայցերի հոսքի ինտենսիվությունը․ հունվար-մարտ ամիսներին ներկայացվել է այդպիսի 14 նոր հայց՝ բոլորն էլ զրպարտության և վիրավորանքի հիմքով: Դրանցից 6-ը պաշտոնյաների կողմից են, 2-ը բիզնես ոլորտի ներկայացուցիչների, 2-ը՝ լրագրողների, 1-ը՝ ընդդիմադիր գործչի, 3-ը՝ քաղաքացիների (որոնցից 2-ը փոխկապակցված են ընդդիմադիր գործչի հետ)։
Եռամսյակի ընթացքում արձանագրված ֆիզիկական բռնության 1 դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովում, երբ անվտանգության ծառայության աշխատակիցները ուժ են կիրառել՝ խիստ վիճահարույց հիմնավորմամբ լրագրողին խորհրդարանի շենքից հեռացնելու համար։
Նախկինում՝ 2022 թվականից ի վեր, գրանցված ֆիզիկական բռնությունների դեպքերից 9-ով հարուցված քրեական գործերը հանգուցալուծման չեն հասել։ ՀՀ դատախազությունը ԽԱՊԿ-ի պարբերական հարցումներին ի պատասխան հայտնում է, որ այդ բոլոր գործերով նախաքննությունը շարունակվում է։
Դիտարկվող ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները։ Արձանագրվել է 7 այդպիսի դեպք։ Հիմնական խնդիրը կապված է պետական մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով հարցումներին պատասխանելու համար սահմանված 5-օրյա ժամկետի փոխարեն նույն օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետից օգտվելու չարաշահման հետ, ինչը խոչընդոտում է հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների օպերատիվ և բազմակողմանի լուսաբանումը։ Շարունակում են հանդիպել դեպքեր, երբ հանրային կառույցների պատասխանները «լղոզված» են, չեն համապատասխանում հղած հարցերի էությանը․ այդպիսի դեպքերի թիվը 2-ն է, որոնցից 1-ում՝ նաև օրենքով սահմանված ժամկետն է խախտվել։ Եվս 3 դեպքում հայցվող տեղեկությունների տրամադրումն անհիմն մերժվել է, իսկ 2 հարցում ընդհանրապես մնացել է անպատասխան։
Ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության ս․ թ․ մարտի 19-ին հրապարակված զեկույցի՝ Հայաստանը երրորդ տարին անընդմեջ դասվել է մասամբ ազատ երկրների շարքին՝ ստանալով 100-ից 54 միավոր։ Համացանցի ազատության առումով էլ ՀՀ-ն ազատ երկրների շարքում է՝ 100-ից 72 միավորով։
Այդուհանդերձ, մեդիադաշտը շարունակում է մնալ խիստ բևեռացված, լուրջ մարտահրավերներ են ապատեղեկատվությունը, կեղծ լուրերի, մանիպուլյատիվ հրապարակումների լայն տարածումը, հանրային տիրույթում վիրավորական արտահայտությունների կիրառումը, քաղաքակիրթ բանավեճի սուր դեֆիցիտը։ Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների գործոնն էլ ավելի է թեժացնում իրավիճակը։ Դիտարկվող ժամանակահատվածում արձանագրված կոնֆլիկտները մեծապես պայմանավորված են եղել քաղաքական դրդապատճառներով։ Մի շարք դեպքերում լրագրողներն անտեսել են մասնագիտական էթիկայի նորմերը և տուրք տվել քաղաքական հովանավորների շահերին, իսկ պաշտոնատար անձինք ակնհայտորեն խախտել են հանրային ծառայողի բարեվարքության սկզբունքները։
ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ
Զեկույցին կից ներկայացված պատկերը ստեղծված է արհեստական բանականությամբ
