Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր
Ապրիլի 21-ին Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
«Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ:
Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են:
Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։
Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել»,-նշված է հաղորդագրության մեջ։
