Փաշինյանը ԵՄ գործընկերների հետ Ադրբեջանում պահվող հայ գերիների ու բանտարկյալների հարցը չի քննարկի
Այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի պատրաստվում Ադրբեջանում պահվող հայ գերիների ու բանտարկյալների հարցը քննարկել ԵՄ գործընկերների հետ։ Նա վստահեցրեց, որ նախատեսվում է նման քննարկում անել Բաքվի հետ ուղիղ շփումներում։ Նաև ասաց, որ այս խնդիրը կառավարության ամենօրյա աշխատանքային օրակարգում է։
Երևանում մայիսի 3-5-ը կայանալու է եվրոպական երկրների ղեկավարների գագաթաժողով, որի շրջանակներում նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։
Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի նախաշեմին` Հայաստանի շուրջ երեք տասնյակ իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը: Ահա այս համատեքստում Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք հնարավոր է ԵՄ երկրների առաջնորդների հետ քննարկվի նաև Բաքվում պահվող հայերի հնարավոր վերադարձի հարցը։
«Ադրբեջանի հետ հարցերը քննարկում ենք երկկողմ ձևաչափով: Այո՛, ես այլ ձևաչափ այս պահին արդյունավետ չեմ համարում: Մեր փորձը ցույց է տվել, որ մյուս հարթակներով քննարկումները մեծ օգուտ չեն բերում և զգալի պոտենցիալ չունեն»,- ասաց վարչապետը, հավելելով, որ գերիների վերադարձի հարցում հսկայածավալ աշխատանք է իրականացվում։
Նա ասաց, որ կառավարությունը շարունակելու է երկկողմ ձևաչափը․«Բայց եթե այլ ձևաչափերում տեսնենք արդյունավետության հնարավորություն, չենք խուսափի նաև դրանցից»։
