Ինչու կարիերան ավարտեց Տաթև Հակոբյանը. հայ ծանրորդուհին պարզաբանել է որոշման պատճառը
Հայաստանի կանանց հավաքականի անդամ, +86 կգ քաշային Տաթև Հակոբյանը պաշտոնապես ավարտեց մարզական կարիերան: Ելույթից հետո հայ ծանրորդուհին մարզակոշիկները թողել էր մրցահարթակին, իսկ ավելի ուշ պարզաբանել է մեծ սպորտից որպես մարզիկ հեռանալու որոշումը:
«Շուրջ 15 տարի է՝ սպորտում եմ, և կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է այս էջը թերթելու: Նախորդ տարի ամուսնացել եմ ու ցանկանում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս: Այս տարիներն ինձ կոփեցին, իմ բնավորությունը կերտվել է հենց ծանրամարտում: Ցավոք, չկարողացա ավարտել այնպես, ինչպես ցանկանում էի. հուզմունքը փոքր-ինչ խանգարեց, քանի որ մարզումների ժամանակ ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացրել»,- 30-ամյա մարզուհու խոսքերն է մեջբերում ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ աշխարհամասի առաջնությունում Տաթև Հակոբյանը պոկում վարժությունն ավարտել էր 106 կգ արդյունքով, իսկ հրումում գլխավերևում պահել էր 125 կգանոց ծանրաձողը: Երկամարտի 231 կգ ընդհանուր արդյունքով նա գրավել էր 12-րդ հորիզոնականը: Հավելենք, որ պրոֆեսիոնալ ելույթներն ավարտելուց հետո Հակոբյանը մտադիր է մնալ սպորտի բնագավառում:
