Երիտասարդները հեռանում են․ ի՞նչ ապագա ունի Ամոջը, ո՞վ է պահելու գյուղը
Լոռու մարզի Ամոջ գյուղում գրանցված է 167 բնակիչ, սակայն փաստացի ապրում է 110 մարդ։ Ամոջից ընտանիքները հեռանում են հիմնականում աշխատանքի բացակայության պատճառով։ Երիտասարդները, չգտնելով կայուն զբաղվածության հնարավորություն, երեխաների հետ տեղափոխվում են քաղաքներ՝ գյուղում թողնելով հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներին։
Գյուղում անասնապահությամբ այսօր քչերն են զբաղվում, հիմնականում՝ տարեցները։ Ամոջի բնակիչները Regions TV-ի հետ զրույցում նշում են՝ երիտասարդների շրջանում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու հետաքրքրությունը նվազել է։ Իսկ երբ գյուղում հիմնական աշխատանք չկա, ընտանիքի և հատկապես երեխաների ապագան շատերի համար կապվում է ոչ թե գյուղի, այլ քաղաքի հետ։
Ըստ Օձունի վարչական ղեկավար Ամրաստան Ջանինյանի՝ Ամոջում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում որոշ աշխատանքներ են իրականացվել։ Նկարահանման պահին գյուղում ճանապարհի բարեկարգման աշխատանքներ էին ընթանում։
Սակայն ճանապարհի բարեկարգումը միայն մեկ խնդիր է լուծում։ Գյուղի համար առավել կարևոր հարցը շարունակում է մնալ՝ ինչպե՞ս պահել այստեղ ապրող մարդկանց և վերադարձնել հեռացածներին։
